| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 5-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը: Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1936թ-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1978թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1979թ-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1990թ-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1994թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Գևորգ Բաղդասարյանը տասնամյակներ շարունակ հաջողությամբ զբաղվել է գիտական և գիտակազմակերպչական գործունեությամբ։ Նա 1979-1988թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1987-1988թթ-ին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1992-1994թթ-ին՝ ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1988-2000թթ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1994-1998թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, 1998-2002թթ-ին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ-ին՝ ԵՊՀ ռեկտորի խորհրդական, 2007թ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, 2007թ-ից՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։ Անուրանալի է Գևորգ Բաղդասարյան գիտնական-մտավորականի ավանդը մեխանիկայի բնագավառի տարբեր ոլորտներում իրականացված հետազոտական աշխատանքներում։ Նրա բազմաթիվ կարևորագույն արդյունքները ներկայացվել են միջազգային գիտական հանրության ուշադրությանը և արժանացել գնահատանքի։ Գևորգ Բաղդասարյանը հեղինակ և համահեղինակ է շուրջ 300 գիտական աշխատության, 6 մենագրության, որոնց մեծ մասը թարգմանվել է տարբեր լեզուներով: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Գևորգ Բաղդասարյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նա հայաստանյան գիտության և կրթության հենասյուներից էր։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական անձնակազմը վշտակցում և իր խորը ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Գևորգ Բաղդասարյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: Գևորգ Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ նոյեմբերի 7-ին, ժամը 18։00-20։00-ին։ |