| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը` նվիրված INHIGEO-ի 50-ամյա հոբելյանին: Հանձնաժողովի նպատակն է նպաստել երկրագիտության ոլորտում մշտական հետազոտությունների անցկացմանը: INHIGEO-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1967թ-ին` Հայաստանում` ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում: Այժմ հանձնաժողովն ունի 289 անդամ 57 երկրից: Հայաստանը հանձնաժողովում ներկայացնում են 5 մասնակիցներ: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ընթերցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը. «Այսօր Երևանում մեկնարկում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 42-րդ Սիմպոզիումը, որին մասնակցում են աշխարհի 18 երկրների մոտ 70 ներկայացուցիչներ: Սիմպոզիումը նվիրված է այդ Հանձնաժողովի ստեղծման 50-ամյա տարեդարձին: Ես ողջունում եմ Սիմպոզիումի մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք: Հետաքրքիր փաստ է, որ երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի ստեղծումն անմիջականորեն կապված է Հայաստանի հետ։ 1964թ-ի Միջազգային երկրաբանական կոնգրեսի շրջանակներում որոշվեց ստեղծել Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողով, և ի կատարումն այդ որոշման, 1967թ-ին Երևանում` Խորհրդային Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում, տեղի ունեցավ Հանձնաժողովի հիմնադիր ժողովը: Հանձնաժողովը միավորեց երկրաբանական գիտությունների պատմության ոլորտի հետազոտողներին՝ ապահովելով երկրաբանական գիտության և մտքի զարգացման բազմաթիվ հաջողություններ։ 1967թ-ից ի վեր Հանձնաժողովի անդամների կողմից հրատարակվեցին գիտական մեծ արժեք ներկայացնող մեծաքանակ աշխատություններ և մենագրություններ։ INHIGEO-ի 50-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանը հերթական անգամ ստանձնում է այս կարևոր իրադարձության կազմակերպման գործընթացը: Մաղթում եմ Սիմպոզիումին հաջողություն և գիտական աշխույժ քննարկումներ: Համոզված եմ նաև, որ Հայաստանը ձեզ կառաջարկի այնպիսի ջերմ միջավայր, որ դուք ձեզ հետ կտանեք բազմաթիվ հաճելի հիշողություններ և անպայման կվերադառնաք մեր հյուրընկալ երկիրը ձեր ընտանիքների և ընկերների հետ»: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Պատահական չէ, որ Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի հիմնադիր գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում, որովհետև Հայոց հնագույն պատմությունից հայտնի է, որ միջնադարյան գիտնականներն ունեն նման հետազոտություններ: Հատկապես պետք է շեշտել Շիրակացու հետազոտությունները, որոնք վերաբերում են երկրագնդի կառուցվածքին: Մատենադարանում տարբեր պատմիչների, գիտնականների, մաթեմատիկոսների աշխատանքներում կան հղումներ, որոնք վերաբերում են երկրաբանության պատմությանը: Այս գիտությունն այսօր պետք է գրի առնի երկրաբանության վերաբերյալ այն հիմնական երևույթները, որոնք տեղի ունեն մեր կյանքում: Գիտաժողովին ցանկանում եմ բարի երթ, հետաքրքիր քննարկումներ»: INHIGEO-ի նախագահ պրոֆեսոր Բերի Քուփերը ներկայացրեց INHIGEO-ի պատմությունը և ձեռքբերումները: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին INHIGEO-2017 գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, ՌԴ ԳԱ Երկրաբանական ինստիտուտի երկրաբանության պատմության բաժնի ղեկավար դոկտոր Իրինա Մալախովան: INHIGEO-ի գլխավոր քարտուղար Մարիանա Կլեմոն ներկայացրեց INHIGEO-ի 50-ամյակին նվիրված «Երկրագիտության պատմությունը. Տարելիցին» հոբելյանական գիրքը: Գիտաժողովին մասնակցում է շուրջ 70 գիտնական 18 երկրից, ովքեր կներկայացնեն 60-ից ավելի գիտական զեկուցումներ տարբեր երկրներում երկրաբանության պատմության հիմնախնդիրների, Հայաստանում երկրաբանական մտքի կայացման և զարգացման պատմության վերաբերյալ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:
|