Новости
10/10/2023
«MAGIC» միջազգային համագործակցությունը 20 տարեկան է

Սույն թվականի հոկտեմբերի 2-6-ը Իսպանիայի Լա Պալմա կղզում նշվեց «MAGIC» միջազգային համագործակցության հիմնադրման 20-ամյակը։ 

«MAGIC»-ը շահագործում է Լա Պալմայի «Roque de los Muchachos» աստղադիտարանում տեղադրված երկու 17 մետր տրամագծով պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգը: «MAGIC» համագործակցությանն անդամակցում են Բուլղարիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հայաստանի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի ավելի քան 20 խոշոր գիտական կազմակերպություններ և համալսարաններ: Հայաստանից «MAGIC»-ին անդամակցում են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մյունխենի Մաքս-Պլանկի Ֆիզիկայի ինստիտուտի «MAGIC» խմբի ղեկավար Ռազմիկ Միրզոյանը, ով երկար տարիներ եղել է «MAGIC» համագործակցության ղեկավար, ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տեսական աստղաֆիզիկայի խմբի ղեկավար Սարգիս Գասպարյանը և կենտրոնի գիտաշխատող Դավիթ Իսրայելյանը։ Միջոցառման ժամանակ ներկայացվեցին գիտական զեկուցումներ, կազմակերպվեց այցելություն «Roque de los Muchachos» աստղադիտարան։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․10․2023թ․