| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 18-22-ը Երևանում և Ծաղկաձորում անցկացվեցին RREPS-2023 «Ռելատիվիստական էլեկտրոնների ճառագայթումը պարբերական կառուցվածքներում» XIV միջազգային սիմպոզիումը և MEGHRI-2023 «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» VIII միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին։ Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։ ՀՀ ԳԱԱ-ում մասնակիցներին ողջունեց է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը։ «Մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ Հայաստանում։ Վստահ եմ, որ այս սիմպոզիումի և գիտաժողովի ժամանակ կլինեն հետաքրքիր քննարկումներ, արդյունավետ համագործակցություն, իսկ միջոցառման ավարտից հետո կշարունակվեն համատեղ ուսումնասիրությունները», - ասել է ակադեմիկոս Կոստանյանը։ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը նշել է, որ գիտաժողովի բացման օրը համընկնում է ականավոր աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ երկարամյա նախագահ Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակի հետ։ Միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 23-27-ը Մեղրիում կանցկացվի Գուրգեն Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների միջազգային դպրոցը։ |