Հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն` նվիրված ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի` աշխարհահռչակ բուսաբան, ֆիլոգենետիկ և էվոլյուցիոնիստ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի անունով անվանակոչմանը:
Միջոցառման մասնակիցները ողջունեցին ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի անվանակոչումն անվանի գիտնականի անունով` ընդգծելով նրա հսկայական ավանդը համաշխարհային գիտության մեջ, Հայաստանում բուսաբանության զարգացման գործում: Արմեն Թախտաջյանի անունը կրող ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ցուցատախտակը տեղադրվեց Երևանի բուսաբանական այգու մուտքի մոտ:
Ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը, Ռուսական բուսաբանական ընկերության փոխնախագահ պրոֆեսոր Լեոնիդ Ավերյանովը, ԵՊՀ-ի բուսաբանության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լիա Օսիպյանը, Արմեն Թախտաջյանի դուստր Ալլա Մովսեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը:
Արմեն Թախտաջյանի կյանքի և գործունեության մասին պատմեց Թախտաջյանի աշակերտ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլիոնորա Գաբրիելյանը:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անվանակոչումը հաստատված է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
19.06.2017թ.