Новости
02/03/2023
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում»՝ APRICOT 2023 միջազգային գիտաժողովը

Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում»՝ APRICOT 2023 միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, «Twinning/Horizon 2020» MaNaCa ծրագիրը, «IPR Armenia» Optica-ի ուսանողական մասնաճյուղը: Գիտաժողովին մասնակցում են ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից և Հոլանդիայից։ Գիտաժողովի հիմնական նպատակներից է ստեղծել գիտական համագործակցության նոր հարթակ։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը և փոխանցեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի ողջույնի ուղերձը․ «Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը բարձր է գնահատում միջգիտակարգային բնույթի աշխատանքները՝ հատկապես ուղղված կյանքի մասին գիտություններին և առողջապահական խնդիրներին։ ԳԱԱ նախագահը հաջողություն է մաղթում գիտաժողովի աշխատանքներին»։

Գիտաժողովի հիմնական թեման է «Մագնիսական նանոնյութերը կենսաբժշկության մեջ. սինթեզ և ֆունկցիոնալացում»: «Այս ծրագիրն ունի լուրջ հեռանկարներ, քանի որ կենսաբժշկության մեջ նանոնյութերի կիրառումն առաջատար ուղղություններից է։ Աշխատանքները նվիրված են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում սինթեզված նանոմասնիկների օգտագործմանը քաղցկեղի բուժման եղանակներում։ Գոյություն ունի «մագնիսական գերտաքացում» եղանակը, որը թույլ է տալիս թիրախավորել ու ոչնչացնել քաղցկեղային բջիջները։ Մեր գործընկերները Գերմանիայից բնութագրում են մեր կողմից սինթեզված այդ նանոմասնիկների մագնիսական հատկությունները, իսկ Սալոնիկի Արիստոտելի համալսարանում իրականացվում են մագնիսական գերտաքացման նախնական աշխատանքները։ Ստացված արդյունքները հեռանկարային են», - ասաց Արամ Պապոյանը։

Իր ողջույնի խոսքում գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ցուցաբերած հետաքրքրության և գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության համար: Այնուհետև նա ներկայացրեց MaNaCa ծրագրի արդյունքները: 

Գիտաժողովի ընթացքում կանցկացվի MaNaCa 3-րդ ամառային դպրոցը, որը «Twinning/Horizon 2020» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 4-ը: Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ Հայաստանից և արտերկրից։ Պլենար զեկուցումներով հանդես կգան հայազգի պրոֆեսորներ Ալեքսանդր Մուկասյանը ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանից և Կարեն Մարտիրոսյանը ԱՄՆ-ի Տեխասի Ռիո Գրանդե հովիտ համալսարանից, ինչպես նաև պրոֆեսորներ Շիվաջի Փավարը Հնդկաստանի D.Y. Patil համալսարանից և Մակիս Անգելակերիսը Հունաստանի Սալոնիկի Արիստոտել համալսարանից։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02.03.2023թ․