Новости
28/02/2023
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «APRICOT 2023» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի մարտի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում» (APRICOT 2023) միջազգային գիտաժողովը, որի հիմնական թեման է «Մագնիսական նանոնյութերը կենսաբժշկության մեջ. սինթեզ և ֆունկցիոնալացում»:

 

«APRICOT 2023» գիտաժողովին կմասնակցեն ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից՝ քննարկելու նանոնյութերի արտադրության և բնութագրման վերջին զարգացումները և դրանց կենսաբժշկական կիրառությունները: Ցույց կտրվի նյութագիտության և կենսաբանական գիտությունների սերտաճումը: Գիտաժողովին պլենար զեկույցներով հանդես կգան պրոֆեսորներ Ալեքսանդր Մուկասյանը  (Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ), Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե հովիտ համալսարան, ԱՄՆ), Շիվաջի Փավարը (D.Y. Patil համալսարան, Հնդկաստան) և Մակիս Անգելակերիսը (Սալոնիկի Արիստոտել համալսարան, Հունաստան)։ Զեկուցումները նվիրված են կենսաբժշկական տարբեր ոլորտներում մագնիսական նանոհիբրիդներին, ինչպիսիք են կենսաբանական տարանջատումները, հիպերթերմիայով բուժումը, դեղերի առաքումը և տոքսինների հեռացումը, բժշկական ախտորոշումը և սենսորային սարքերը: 

Գիտաժողովի ընթացքում կանցկացվի MaNaCa 3-րդ ամառային դպրոցը, որը «Twinning/Horizon 2020» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի 4-ը:  

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.02.2023թ․