Новости
15/02/2023
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա կստեղծվի հետազոտական համալսարան. քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի փետրվարի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարանի ստեղծմանը: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարությունը, ամբիոնների վարիչներ: 

«Մենք ունենք մտադրություն Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան, որը փորձենք զարգացնել և ներգրավել միջազգային ցանցերի մեջ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

 

 

ՀՀ ԳԱԱ Զարգացման ծրագրերի և մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց հետազոտական համալսարանի ստեղծման նպատակները և քայլերը: Ըստ նրա՝ հետազոտական համալսարանի ստեղծման հիմնական նպատակն է բնագիտական, տեխնոլոգիական, հումանիտար և հասարակագիտական ուղղություններով արդիական գիտական հետազոտություններ կատարելու ունակ, ստեղծագործական-նորարարական մտածելակերպ ունեցող բարձրակարգ մասնագետներ պատրաստելը՝ հաշվի առնելով միջազգային պահանջարկը:

 

 

 

Քննարկման մասնակիցները բարձրացրեցին հետազոտական համալսարանի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում` ներքին կարողությունների գնահատման անհրաժշտության, ֆինանսավորման, ուսանողների մոտիվացման և ներգրավման, գիտահետազոտական ինստիտուտների հետ համալսարանի  փոխգործակցության, հետազոտական համալսարանում ԲՈՒՀ-երի դասախոսների վերապատրաստման կարողությունների մասին:

Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կշարունակի հետազոտական համալսարանի մոդելի ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով հնչած կարծիքներն ու առաջարկները:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.02.2023թ.