Новости
26/12/2022
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը դասախոսությունների շարքով հանդես է եկել Իտալիայի համալսարաններում

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը սույն թվականի դեկտեմբերի 1-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդես է եկել 20 դասախոսությունների շարքով։ Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի (UNINETTUNO International Telematic University) և Տուշիայի համալսարանի (University of Tuscia) ասպիրանտներին (PhD) Արթուր Իշխանյանը ներկայացրել է «Advanced Differential Equations» (Առաջադեմ դիֆերենցիալ հավասարումներ) շարքը։ 

Դասախոսությունների շարքը ներկայացնում էր վերջին տարիներին ժամանակակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում մեծ տարածում ստացած Հոյնի ֆունկցիաների տեսությունը, որոնք շատ ավելի ընդհանուր ֆունկցիաներ են, քան ներկայում լայնորեն հայտնի հիպերերկրաչափական դասի ֆունկցիաները։ Շարքի հիմքում Արթուր Իշխանյանի ղեկավարած գիտական խմբի (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ) վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտական արդյունքներն են։ Դասախոսությունների շարքը ցուցադրվելու է իտալական և եվրոպական հեռուստաալիքներով։

Իտալական ՅՈՒՆԻՆԵՏՏՈՒՆՈ միջազգային տելեմատիկ համալսարանի հետ կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով, մասնավորապես, նախատեսվում է PhD  ծրագրերի իրականացում, ակադեմիական փոխանակում, համագործակցություն գիտական հետազոտությունների ընդհանուր հետաքրքրության ոլորտներում, գիտաժողովների կազմակերպում, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական անձնակազմի վերապատրաստում։ Համագործակցությունն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջոցով։ Ներկայում պատրաստվում են դրամաշնորհների համար համատեղ դիմումներ։ 

Արթուր Իշխանյանը հանդիպումներ է անցկացրել Իտալիայի Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի (National Laboratory of Frascati) մի քանի առաջատար գիտնականների հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ հետազոտությունների իրականացման հեռանկարները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.12.2022թ.