Новости
09/11/2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնշվի Գիտության համաշխարհային օրը

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնշվի Գիտության համաշխարհային օրը: ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում Երիտասարդ գիտնականների միավորումը ժամը 13:00-ից կկազմակերպի գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար:

Նախատեսվում է անցկացնել դասախոսություններ ուրարտագիտության, տնտեսագիտության, գրականության, փիլիսոփայության, իրավագիտության և սոցիոլոգիայի վերաբերյալ, «Հայաստանը և իր հարևանները» թեմայով քննարկում:

Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպություններում:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ժամը 13։00-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում կենտրոնի առաջատար մասնագետները ելույթներ կունենան Հայաստանում մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի արդի վիճակի և զարգացման ուղիների վերաբերյալ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները կծանոթանան Կենտրոնի գիտահետազոտական գործունեության հետ։

ՀՀ ԳԱԱ-ի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում միջոցառումները կսկսվեն ժամը 13։00-ին:
 
Նախատեսվում է.

  • Աշխատարան «Աշնան գույները բուսաբանական այգում» (II-IV դասարան)
  • Խաղ-ծանոթություն Հնէաբուսաբանության թանգարանում ցուցադրվող բույսերի բրածո նմուշների հետ (V դասարան և բարձր)
  • Շրջայց և ծանոթացում արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմատանը (բոլոր տարիքային խմբերի համար)
  • Ծանոթացում հերբարիումային նմուշների հետ, անատոմիական ու պալինոլոգիական նմուշների ցուցադրություն և նրանց նշանակությունը բույսերի կարգաբանության մեջ (ԲՈւՀ-երի ուսանողների համար): Երևանի բուսաբանական այգու մուտքը 10:00–17։00 լինելու է անվճար։

ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում ժամը 14:00-ին տեղի կունենա սեմինար, որի ժամանակ տեղի կունենա Cary 60 UV-Vis սպեկտրոֆոտոմետրի փորձարկում: Կցուցադրվեն ինստիտուտում հիդրոպոնիկ եղանակով աճեցված խոտաբույսերի թեյեր, տերևային բանջարեղենով աղցաններ, մորինգայով և չուֆայով տարբեր թխվածքաբլիթներ, սոյայի կաթ:

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 13:00-ից բաց դռների օր է: Ինստիտուտի գիտաշխատողները պատրաստել են տեսահոլովակներ, որոնք կներկայացնեն ինստիտուտի լաբորատորիաների առօրյան և գործունեությունը:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ժամը 14:00-ին տեղի կունենա հանդիպում գիտաշխատողների, ուսանողների հետ: Ուղերձով հանդես կգա ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը, կներկայացվի «Շաքարների դերը կանցերոգենեզում և ինֆեկցիոն հիվանդություններում: Թերապիայի նոր մոտեցումներ» թեմայով զեկուցումը: Այցելուների համար նախատեսվում է շրջայց ինստիտուտի լաբորատորիաներով  և ծանոթացում «Հայաստանի կենսաքիմիայի զարգացման» թանգարանի ցուցանմուշներին:

ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամը 14:30-ին կանցկացնի դասախոսություններ և փորձնական աշխատանքներ աշակերտների և ուսանողների համար: Կներկայացվի նանոտեխնոլոգիաների և Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնի գործունեության մասին դասախոսությունը: Կկատարվեն հետևյալ փորձնական աշխատանքները՝ «Արծաթի նանոմասնիկների ստացում էկոլոգիապես անվտանգ եղանակով», «Ցինկի օքսիդի նանոձողերի սինթեզ հիդրոթերմալ եղանակով», «Ոսկու նանոմասնիկների օպտիկական հատկությունների ցուցադրում», «Ոսկու նանոմասնիկների օպտիկական հատկությունների ցուցադրում», «Գրաֆենային նյութերի ստացում քիմիական շերտազատման եղանակով», «Լաբորատորիա չիպի վրա համակարգի աշխատանքի սկզբունքի ցուցադրում», «Մանգանի օքսիդի զգայուն թաղանթի պատրաստում՝ կենտրոնախուսակային սարքով», «Հեղուկ ազոտի ջերմաստիճանում ԻԿ տվիչով լուսազգայունության չափում»:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը կընդունի շուրջ 200 աշակերտ, ովքեր  կծանոթանան կենտրոնի գործունեությանը: Նրանց համար կկատարվեն դիտարժան փորձեր:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ժամը 14։00-ին տեղի կունենա հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռաֆիկ Լևոնի Մելքոնյանին, ում շնորհվել է «ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը սույն թվականի նոյեմբերի 9-ին հյուրընկալեց ուսանողական խմբեր՝ Հայաստանի ազգային ագրարային, Երևանի պետական և Հայկական պետական մանկավարժական համալսարաններից Ուսանողներին ներկայացվեցին կենտրոնի լաբորատորիաները, այդտեղ իրականացվող աշխատանքները և գիտական ծրագրերը: Ուսանողները նաև այցելեցին Կենդանաբանական թանգարան, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի՝ կենդանաբանության ոլորտում իրականացվող աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև թանգարանում պահվող ցուցանմուշները:

Նոյեմբերի 9-ին Գիտության համաշխարհային օրվան ընդառաջ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների և դասախոսների համար կազմակերպել է «Երկրաբանության երանգները» թեմայով գիտարշավ դեպի Գութանասար և Հանքավան:

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում նոյեմբերի 10-14-ին կանցկացվի «Դպրոցից դեպի գիտություն» միջոցառումը, որի շրջանակներում կներկայացվեն «Կրթություն, Գիտություն, Տեխնոլոգիա, Բիզնես: Մարզային հետազոտական ծրագրեր», «Սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Ճարտարագիտական երկրաֆիզիկայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Երկրաբանավտանգ պրոցեսներ: Ջրային ռեսուրսներ», «Մաթեմատիկական վիճագրության մեթոդների հնարավորությունները Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսների որոնման խնդիրներում», «Սեյսմաբանության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Մեծ տվյալներ Գիտություններ Երկրի մասին ոլորտում: Արհեստական բանականությունը Երկրի ֆիզիկայի հիմնախնդիրներում»,  «Դպրոցից դեպի գիտություն, խնդիրներ, զարգացման հեռանկարները», «Գիտակրթական մշակումների հաջողության գրավականը» թեմաներով զեկուցումներ:

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում ժամը 14:00-ին տեղի կունենա սեմինար, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը հանդես կգա «‎‎Երկրաշարժերը և դրանց կանխագուշակման հնարավորությունները» թեմայով զեկուցմամբ:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ժամը 15։00-ին տեղի կունենա անվանի մաթեմատիկոսների հանդիպումը երիտասարդ գիտնականների, ուսանողների հետ:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ժամը 14:00-ին կանցկացվի  ընդլայնված գիտխորհրդի նիստ՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ կայցելեն Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները: Նրանք կհանդիպեն  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի հետ, ով կներկայացնի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, անցած ուղին և ձեռքբերումները: Սաները կհանդիպեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանի հետ: Կցուցադրվի Հովհաննես Չեքիջյանի համերգային ելույթներից մի քանի տեսանյութ: Սաներին կնվիրեն ինստիտուտի գիտաշխատողների հեղինակած գրքերը հեղինակային մակագրությամբ:

ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ժամը 11:30-ից հայտարարված է բաց դռների օր ուսանողների և աշակերտների համար, որի ընթացքում գիտնականները կանցկացնեն զրույցներ այցելուների հետ:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ժամը 13:00-ին տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն ինստիտուտի աշխատակիցները ճանաչված մտավորականներ, մշակույթի գործիչներ և գրողներ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտում ժամը 17:00-ին տեղի կունենա հատուկ միջոցառում, որի շրջանակներում կներկայացվեն ինստիտուտի միջազգային ծրագրերը ԲՈՒՀ-երի աշխատակիցներին, ուսանողներին և գիտական հաստատությունների ներկայացուցիչներին:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում ժամը 10:30-ին կմեկնարկի միջոցառում, որի ընթացքում կքննարկվեն գիտական հետազոտություններին առնչվող արդի հիմնախնդիրները, միջազգային գիտական հանդեսներում տպագրության հարցերը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում կպարգևատրվեն ինստիտուտի գիտաշխատողները:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը  ժամը 14:00-ին կանցկացնեն հրապարակային դասախոսություններ «Ինչ է էթնոգենոմիկան», «Ոգեզէն» թուային հարթակի ճարտարապետութիւնը» թեմաներով:

ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, կմեկնարկի  գիտաժողով՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան և տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, թղթակից անդամ Միքայել Քոթանյանի 95-ամյա հոբելյանին:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կանցկացնի «Ափինյանական ընթերցումներ. Ավանդական երաժշտության արդի հիմնախնդիրները» երկօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին և Գիտության համաշխարհային օրվան:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09.11.2022թ.