Новости
08/11/2022
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Պարույր Հակոբյանի «Տառապանքներով լեցուն կյանքիս մասին հուշեր» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Պարույր Սիրեկանի Հակոբյանի «Տառապանքներով լեցուն կյանքիս մասին հուշեր» գրքի 1-ին մասի շնորհանդեսը: 

Պարույր Հակոբյանը նկարագրել է առաջին աշխարհամարտի, 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության պատմության էջերը, նոր լույս սփռել Հայաստանի առաջին Հանրապետության պատմության մի շարք իրադարձությունների վրա:

 

Շնորհանդեսին Պարույր Հակոբյանի կենսագրությունը և նրա հուշապատումները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց, որ Պարույր Հակոբյանը մարմնավորել է արևմտահայի և արևելահայի, հայրենազրկված հայորդու կերպարը: «Այս հուշագրությունը հնարավորություն է տալիս մասնագետներին ավելի խորությամբ հասկանալու նորաստեղծ անկախ պետականության կործանման պատճառները»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Գրքում նաև ուշագրավ տեղեկություններ կան կոլտնտեսային շարժման տարիներին բոլշևիկյան իշխանության նկատմամբ հայ գյուղացիների վերապահ պահվածքի, հակախորհրդային պայքարի, դրան Պարույր Հակոբյանի և որոշ ընկերների մասնակցության, ապա նաև «դարձի» գալու, սկսված սովի մասին:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց. «Այս գիրքը կարող է դառնալ պատմագիտական հետազոտությունների սկզբնաղբյուր, ինչպես նաև նյութ ազգագրական հետազոտությունների համար: Գիրքն օգտակար է գնահատելու այն ժամանակները, թե որտեղից ենք գալիս, ինչ ենք դարձել և ուր ենք գնում»:

Պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը ներկայացրեց իր տպավորությունները գրքի վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով հեղինակի՝ իր տոհմի, իր ապրած կյանքի, դժվարությունների, հաջողությունների անկեղծ նկարագրությունների վրա: 

Պարույր Հակոբյանի որդին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, ով մեծ ջանքեր է ներդրել գրքի հրատարակման համար, ասաց. «Հայրս իր հուշերը սկսեց գրի առնել 1970-ական թվականների կեսերին: Հորս գրի առած հուշերն ունեն ավելի քան 60-80 տարվա վաղեմություն, սակայն իր արտակարգ և անհավատալի հիշողության շնորհիվ դեպքերի և իրադարձությունների նկարագրությունը ներկայացնում է այնպես, կարծես այն տեղի է ունեցել երեկ, կամ շաբաթներ առաջ»:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08.11.2022թ.

Фотогалерея