Новости
03/11/2022
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ԵԳԱԾ-ի «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառուների հետ պայմանագրերի կնքման արարողությունը

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառուների հետ պայմանագրերի կնքման արարողությունը:

 

Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ գիտնականների խմբերին՝ ձեռք բերել գիտական սարքեր և գիտափորձերի համար անհրաժեշտ նյութեր, նպաստել նոր գիտական խմբերի ձևավորմանը։

ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը նշեց, որ մրցույթի արդյունքներով ֆինանսավորման է ընտրվել 14 հայտ:

 

Շնորհավորելով մրցույթի շահառուներին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանն ասաց. «ԵԳԱԾ-ը ստեղծվել է երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ՝ հանրային մեծ արշավի, գիտակցված և հետևողական աշխատանքի արդյունքում: Այն նորարարական ծրագրերի փորձարկման հարթակ է։ Մասնավորապես, երիտասարդ գիտնականներին դրամաշնորհներ տրամադրելու տարատեսակ ծրագրեր առաջին անգամ իրականացրել է հենց ԵԳԱԾ-ը: ԵԳԱԾ-ը նաև լավ օրինակ է, թե ինչպես կարելի է զրոյից նախաձեռնել և հասնել արդյունքի: Դուք ևս եղեք նախաձեռնող, կատարեք նոր քայլեր: Մասնավորապես, մեզ անհրաժեշտ է հանրության հետ երկխոսության ակտիվացում: Հանրությունը պետք է իմանա, որ գիտության ոլորտը կա, գործում է, կան երիտասարդներ, ովքեր մեր ապագան են: Սա 21-րդ դարն է՝ տեխնոլոգիաների դար, իսկ տեխնոլոգիաները հենվում են գիտության վրա, հետևաբար, գիտությունն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար: Ջերմորեն շնորհավորում եմ, մաղթում բարի ընթացք ու ևս մեկ անգամ կոչ անում  լինել ակտիվ»:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03.11.2022թ.

Фотогалерея