Новости
26/10/2022
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը

Սույն թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը: Այն կանցկացվի Հայաստանում «‎Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության, Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ:

Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը նվիրված «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը կբացի Հայաստանում «‎Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: Մասնակիցներին կողջունեն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Համաժողովի նիստերը նվիրված են «Համաշխարհային կարգի փոխակերպում. տարածաշրջանային չափում», «Տնտեսություն՝ համաճարակային ռիսկերից մինչև աշխարհաքաղաքական ռիսկեր», «Կովկաս.  փոփոխվող աշխարհում անվտանգության և զարգացման բանաձևի որոնման տարածաշրջանային համատեքստը», «Կովկասի տարածաշրջանի ոչ տարածաշրջանային դերակատարները՝ շահեր, առաջնահերթություններ, հնարավորություններ» թեմաներին:

«Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական համաժողովը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ոլորտի փորձագետների ամենամյա միջազգային հանդիպում է: Այն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անվանվել է գիտնական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի անունով։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Միջոցառման ընթացքում կգործի press-room, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան հարցազրույցներ անցկացնել փորձագետների հետ: Դրա համար անհրաժեշտ է նախապես տեղեկացնել նախատեսվող հարցազրույցի մասին՝ զանգահարելով +374 99 12 50 40 հեռախոսահամարով:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.10.2022թ.