Новости
24/10/2022
Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Սևանա լճի ավազանում ոչ մետաղական հանքերի խնդիրը

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ Կարեն Գասպարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը, նույն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Վարդան Հարությունյանը, ՀՀ ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ասատուր Վարդանյանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը: Քննարկվեց Սևանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության խնդիրը:  

Հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ Սևանի ավազանում՝ հատկապես Մարտունու շրջանում, ոչ մետաղական հանքերը կարող են գումարային ազդեցություն ունենալ «Սևան» ազգային պարկի վրա, լուրջ վտանգ պարունակել լանդշաֆտի փոփոխման, գետերի վերին հոսանքներում կենսաբազմազանության վրա: «Մենք այդ հանքերի գումարային ազդեցության գնահատական չունենք: Գուցե առաջարկենք այս գործունեության ժամանակավոր կասեցում մինչև ռազմավարական ՇՄԱԳ իրականացվի»,- առաջարկեց Բարդուխ Գաբրիելյանը: 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրության համաձայն, Սևանա լճի ավազանում տրված է ոչ մետաղական հանքերի ընդերքօգտագործման 25 թույլտվություն, սակայն տիեզերական նկարներից երևում է, որ միայն Գեղհովիտի բազալտի հանքի տարածքում առկա է 38 մեծ ու փոքր փորվածք 2019թ. դրությամբ, իսկ 2022թ.՝ ավելի շատ: «Ամբողջությամբ լանդշաֆտը վնասված է, անմիջապես Արգիճի գետի հարևանությամբ է, 200 մ է հեռու գետից: Ջիլ-Արտանիշ հատվածում ևս մի քանի տասնյակ բաց հանք կա»,- ասաց Խաչատուր Մելիքսեթյանը:

ՀՀ  ՏԿԵՆ-ի ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ Կարեն Գասպարյանը նշեց, որ Գեղհովիտի տարածքում տրված է մեկ ընդերքօգտագործման, երեք ուսումնասիրության թույլտվություն: 

ՀՀ ՇՄՆ-ի  հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը նշեց, որ նախարարությունը տեղյակ չէ, թե ինչքան հող է խախտվել, ինչ չափով:

Որոշվեց, որպեսզի Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը նամակով դիմի ՏԿԵՆ և ՇՄՆ, որպեսզի Սևանա լճի ավազանի համար իրականացվի ռազմավարական ՇՄԱԳ գնահատում՝ պարզելու, թե ավազանում տնտեսական տարբեր գործունեության տեսակները գումարային ինչ ազդեցություն են ունենում Սևանա լճի վրա:

Այնուհետև քննարկվեց Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում նախատեսվող  բժշկական թափոնների այրման կայանքի հիմնման ՇՄԱԳ հաշվետվությունը: Հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին, որ կայանքը գտնվելու է «Սևան» ազգային պարկից 600 մ հեռավորության վրա, կայանքում նախատեսված թափոնների ծավալն ավելին է, քան կարող է արտադրվել Գեղարքունիքի մարզում և հնարավոր է, որ այստեղ բերվեն այլ մարզերի բժշկական թափոններ: Այդ գործունեության համար նախատեսված տեխնոլոգիան լավագույններից չէ: Հանձնաժողովը հաշվետվության վերաբերյալ կարծիք կուղարկի Շրջակա միջավայրի նախարարություն:

Քննարկվեց նաև Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում ասֆալտբետոնե գործարանում ընդերքօգտագործման թափոնների և օգտագործված ասֆալտի վերամշակման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Նշվեց, որ ասֆալտբետոնե գործարանը գործում է 2010թ-ից: Խաչատուր Մելիքսեթյանն առաջարկեց, որպեսզի սահմանվի պահանջ՝ կիրառելու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն արտանետումները՝ հաշվի առնելով, որ գործարանը Սևանա լճից 680 մ է հեռու: Հանձնաժողովը հայտի վերաբերյալ ևս կարծիք կներկայացնի ՇՄՆ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.10.2022թ.

Фотогалерея