Новости
19/10/2022
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»: Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից կատարվող հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների, օտարալեզու տպագրությունների քանակի ավելացմանը։ 

Դրամաշնորհներ է տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը 4.000.000 ՀՀ դրամ է, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը՝ 5.000.000 ՀՀ դրամ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 17-ն է: Հայտատուն պետք է հանդիսանա խմբի ղեկավարը և առնվազն պետք է լինի առկա/հեռակա ուսուցման ասպիրանտ կամ կրտսեր գիտաշխատող։ Խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում կամ Արցախում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնականներ: Խումբը կարող է ունենալ արտասահմանյան խորհրդատու, ով պետք է լինի օտարերկրյա գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, ում Հիրշի ինդեքսն (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3:

 

Հետազոտությունը պետք է իրականանա 12 ամսվա ընթացքում։ Հետազոտության ավարտին խումբը պետք է ունենա կամ անգլալեզու հրապարակում տեղական գիտական ամսագրերում, որոնք ընգրկված են Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) ցուցակում, կամ անգլալեզու գիտական հոդված, որն ուղարկվել է (submitted) տպագրության և ստացել է առաջին գրախոսականը (review) միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», «Scimago Journal & Country Ranking (SJR)» https://www.scimagojr.com/journalrank.php պորտալում)՝ առնվազն Q4 քառորդում։

Հայտերի գնահատումն իրականացվելու է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» խորհրդի կողմից։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ մրցույթի հայտին՝ այստեղ:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.10. 2022թ.