Новости
27/09/2022
«Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր». միջազգային գիտաժողով՝ Գյումրիում

Սույն թվականի սեպտեմբերի 23-24-ին Գյումրիում տեղի ունեցավ «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր». խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 25-ամյա հոբելյանին:

Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Շիրակի մարզպետարանը:

Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից: Մասնակիցներն իրենց խոնարհումը բերեցին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակին:

«Աշխարհում շատ բան է փոխվել, անփոփոխ է մնացել մեր ավանդույթը՝ երեք տարին մեկ հավաքվել Գյումրիում՝ քննարկելու Շիրակի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության արդի վիճակը, ուրվագծելու հայագիտության ընդհանուր համատեքստում գավառի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրության հետագա ընթացքն ու առաջնահերթությունները», - իր բացման խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետ Վադգես Սամսոնյանը, Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի Հայագիտության կենտրոնի տնօրեն Սերգեյ Սայադովը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստովոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն:

Ակադեմիկոս Յուրի Սուվարյանը կարևորեց Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նշանակությունը հայագիտության զարգացման գործում: Մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդգծեց կենտրոնի դերը և նման գիտական միջոցառումների կազմակերպումը երիտասարդ հայագետների պատրաստման գործում: Մակա Բերիձեն կարևորեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի միջև համագործակցությունը:

Գիտական նստաշրջանները նվիրված էին «Հնագիտություն և վիմագրություն», «Պատմագիտություն», «Ազգաբանություն», «Արվեստաբանություն և ճարտարապետություն», «Լեզվաբանություն և գրականագիտություն» թեմաներին: Ներկայացվեցին ավելի քան 100 զեկույցներ:

Գիտաժողովի ժամանակ կնքվեցին համագործակցության հուշագրեր ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի և ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հայագիտության կենտրոնի միջև և Ղազախստանի Գիտության կոմիտեի Մարգուլաևի անվան հնագիտության ինստիտուտի միջև: Գիտական արդյունավետ աշխատանքի համար կենտրոնի մի շարք գիտաշխատողներ արժանացան ՀՀ ԳԱԱ նախագահության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պարգևների:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.09.2022թ.