Новости
06/09/2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արամ Պապոյանը

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:

Արամ Պապոյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ծրագրային առաջնայնությունները: Նա նշեց, որ իրականացնելու է ինստիտուտի գիտական ուղղությունների վերագնահատում՝ հաշվի առնելով գիտաչափական տվյալները, միջազգային գիտության արդի միտումները, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման ու երկրի պաշտպանունակության առաջնայնությունները: Ինստիտուտի գիտական ստորաբաժանումները նոր կառուցվածք են ունենալու՝ միտված գիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր թեմաների յուրացման ճկունությանը, ներքին համագործակցության, կադրային ու ենթակառուցվածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Քայլեր են ձեռնարկվելու ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացման համար: «Անհրաժեշտ են կտրուկ քայլեր՝ ուղղված ԲՈՒՀ-երի շրջանավարտների, այլ ոլորտներում աշխատանքի անցած և արտերկրում աշխատող երիտասարդների՝ ինստիտուտի աշխատանքներում ներգրավմանը»,- ասաց Արամ Պապոյանը: Նա կարևորեց միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնիկական մշակումների խթանումը, համագործակցությունը ՀՀ այլ գիտական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի հետ:

Արամ Պապոյանը ծնվել է 1959 թվականին` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:Արամ Պապոյանը գիտական ուղին անցել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ինժեներ-ստաժորից մինչև ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնում նա ընտրվեց 2006 թվականին: Նրա գիտական հետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկային, ատոմային ֆիզիկային և սպեկտրասկոպիային, քվանտային և ոչ գծային օպտիկային, օպտիկական պատկերագրմանը: Արամ Պապոյանը 190 աշխատության հեղինակ է, այդ թվում՝ 4 գլուխ գրքերում, 85 հոդված գրախոսվող ամսագրերում, 28 հոդված գիտաժողովների ժողովածուներում, 73 գիտաժողովների թեզիսներ:

Արամ Պապոյանը Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր է, նույն համալսարանի Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի բազային ամբիոնի վարիչ, Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր, «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ:

Անդամակցել է  Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» հիմնադրամին, ՀՀ նախագահի մրցանակի ֆիզիկայի հանձնախմբին, Եվրոպական օպտիկական ընկերությանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտխորհրդին, ՀՀ ԳԱԱ նախագահությանը:

Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ նախագահի ֆիզիկայի մրցանակի,  Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի, Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.09.2022թ.