Новости
22/08/2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և STARMUS-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի oգոստոսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնապես դարձավ  Երևանում կայանալիք «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկերը և աջակիցը:  

«STARMUS VI» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը և նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Նախկինում այն անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում։

«Այս փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր ուղիների, նոր եզրերի,  նոր քննարկումների հնարավորություններ կստեղծի, քանի որ հանրահայտ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ են այցելելու Հայաստան: Այս միջոցառումը հատկապես մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար: Հենց այսպիսի միջոցառումներով մենք պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի անունից շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, պարոն Իսրաելյանին, մեր կառավարության համապատասխան կառույցներին, որոնք աջակցում են փառատոնի անցկացմանը»,- ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

««STARMUS VI» փառատոնն առաջին հերթին մեր երիտասարդների համար է, որ մոտիվացնի նրանց չթողնելու գիտությունը, շարունակելու գիտության ասպարեզում, աշխատելու և համոզված լինելու, որ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է: Ինչ-որ փուլ եղավ, որ գիտության կարողությունը նվազեց, սակայն  ես միշտ ասում եմ, որ այն անցյալում է, և հիմա մենք մի նոր փուլ ենք մտնում: Աստիճանաբար բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի»,- ասաց STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.08.2022թ.

Фотогалерея