Новости
03/05/2017
ՀՀ ԳԱԱ բուսաբանական այգում հիմնվեց Բարեկամության պուրակ

ՀՀ ԳԱԱ բուսաբանական այգում ապրիլի 29-ին հիմնվեց Բարեկամության պուրակ: Մեկ հա տարածքում  լայնատերև և ասեղնատերև տեսակի 300 ծառ տնկեցին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հյուրերն ու աշխատակիցները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ընտանիքի հետ, Բելառուսի  արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, ՀՀ ԳԱԱ գիտական կառույցների, ՀՀ նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

20170503-1.jpg

Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը: Ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը` Ժիրայր Վարդանյանը մասնավորապես ասաց. «Մենք ակտիվացրել ենք մեր միջազգային համագործակցությունը աշխարհի շատ  բուսաբանական այգիների հետ և դրա արդյունքում կարողացանք բավականին նվաճումներ ունենալ բուսաբանական այգու առանձին ուղղությունների վերաբերյալ: Ստեղծել ենք թանգարան, ստեղծել ենք սերմերի բանկ: Նաև ինստիտուտի առաջադեմ գիտնականների նախաձեռնությամբ ստեղծվեց «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամ: Սա առաջին միջոցառումն է, որ հիմնադրամը կազմակերպել է»:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը պատմեց Բուսաբանական այգու ստեղծման մասին և այդ գործում այն մեծ ներդրման մասին, որն ունեցել է աշխարհահռչակ գիտնական, բուսաբան ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը: Նա հայտարարեց, որ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, որի կազմում է բուսաբանական այգին, կանվանակոչվի Արմեն Թախտաջյանի անունով:

    20170503-2.jpg
WWF-Հայաստանի տնօրեն, «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Մանվելյանը նշեց, որ կարևոր է Բուաբանական այգու` որպես կրթության, հետազոտությունների, բույսերի պահպանության կենտրոն պահպանելը:  «Բուսաբանական այգին հաջողությամբ համագործակցում է աշխարհի տարբեր այգիների հետ, և հուսով ենք, որ մեր ներքին և արտաքին համագործայցությամբ կհասնենք այգու և հիմնադրամի առջև դրված նպատակների իրականացմանը»,- ասաց Կարեն Մանվելյանը:
«Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սարգիս Աղայանը նշեց, որ հիմնադրամի նպատակն է աջակցել բուսաբանական այգու կենսաբազմազանության կայուն պահպանմանը: «Ինձ համար ամենակարևորն է տեսնել, որ Բուսաբանական այգին ամենից շատ այցելություն ունեցող վայրն է Հայաստանում: Այդ նպատակի համար մենք ունենք մի շարք անելիքներ»,- ասաց Սարգիս Աղայանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
02.05.2017թ.

Фотогалерея