| ||||||||
Ս.թ. մայիսի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ուզբեկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բեխզոդ Յուլդաշևը ստորագրեցին գիտական համագործակցության մասին համաձայնագիր: Միջոցառումն անցկացվեց առցանց ձևաչափով: ՀՀ ԳԱԱ-ում միջոցառմանը մասնակցեցին նաև Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի պետ Գագիկ Էվոյանը: Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների գիտական կազմակերպությունների միջև հարաբերությունների զարգացում, գիտատեխնիկական ներուժի ամրապնդում, տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակում, գիտական ենթակառուցվածքների համատեղ օգտագործում, համատեղ գիտական և գիտատեխնիկական նախագծերի մշակում և իրականացում, համատեղ հետազոտական և արտադրական կենտրոնների ստեղծում, ուսանողների և երիտասարդ գիտնականների վերապատրաստման կազմակերպում: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շեշտեց երկու երկրների գիտական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը: Ուզբեկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բեխզոդ Յուլդաշևը հրավիրեց Աշոտ Սաղյանին այցելելու Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիա՝ նշելով, որ Հայաստանի ֆիզիկոսների հետ համագործակցության իր նախկին փորձը եղել է դրական և արդյունավետ:
|