Новости
12/05/2022
«Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ». քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

Ս.թ. մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ» թեմայով կլոր սեղան՝ նվիրված գենոմային տեխնոլոգիաների կիրառմանը գյուղատնտեսության ոլորտում՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Միջոցառումը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԱՄՆ-ում գործող գեների հաջորդականության «Illumina» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը:

Գիտական զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, EMEA (Europe, Middle East & Africa) միջազգային հեղինակավոր վարկանիշավորման համակարգի «Գենոտիպավորում» ուղղությամբ ավագ մասնագետ Կսավյե Դավիդը (Ֆրանսիա), ագրոգենոմիկայի մասնագետ Ալինա Չեռնովան (Ռուսաստան), գենոմային տեխնոլոգիաների կիրառմամբ զբաղվող «Valogene» ընկերության մենեջեր Կլոտիլդա Պատրին (Ֆրանսիա), «Genotek» բժշկագենետիկական կենտրոնի զարգացման գծով տնօրեն Արտյոմ Ելմուրատովը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը:

«Illumina» ընկերության մասնագետները և Ռուսաստանի գյուղատնտեսական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն արտադրական գործընթացներում գենոմային տեխնոլոգիաների ներդրման իրենց փորձը։ «Illumina» ընկերության մասնաբաժինը բարձր արդյունավետ սեքվենատորների և կենսաչիպերի արտադրության շուկայում կազմում է 95%: Ընկերությունը մշակում և արտադրում է սարքավորումներ, ռեագենտներ և ապահովում է գենոմային տվյալների պահպանման ու վերլուծության կենսաինֆորմատիկական լուծումներ կենսաբժշկության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.05.2022թ.