| ||||||||
Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գլիկոյին: Հանդիպմանը մասնակցել են ՌԳԱ երկրաֆիզիկական կենտրոնի աշխատակիցները՝ գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսեյ Գվիշիանին, տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը, գիտության գծով փոխտնօրեն Բորիս Դզեբոևը: «Նման աշխատանք Հայաստանում կիրականացվի առաջին անգամ: Ռուսական կողմը կբերի երկու անօդաչու թռչող սարք, որոնք իրականացնելու են աերոմագնիսական հանույթ ամբողջ դիտարանի տարածքում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն կտա պարզելու լեռնային ապարների մագնիսական հատկությունները, կառուցելու եռաչափ թվային մոդելը, ինչպես նաև լիարժեք պատկերացնելու դիտարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը: Սա թույլ կտա, որպեսզի դիտարանն ընդգրկվի «INTERMAGNET» ցանց՝ ինստիտուտների համաշխարհային կոնսորցիում, որոնք մագնիսաչափերով գրանցում են Երկրի իրական ժամանակում փոփոխվող մագնիսական դաշտը՝ ըստ երկրամագնիսական դաշտի գրանցումների մեթոդաբանության առումով միջազգային հստակ չափորոշիչներին բավարարող ստանդարտների», - ասաց ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը: Նա նշեց, որ նման հետազոտությունը կխթանի Երկրի մագնիսական դաշտի ուսումնասիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը: |