| ||||||||
Ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ և նրա «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)՝ «Քրդերն ու թաթերը» և «Ղարաբաղյան հիդրոաշխարհաքաղաքականություն. էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գրքերի շնորհանդեսը։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ: Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով Դավիթ Բաբայանին և հանդիպման մասնակիցներին, նշեց. «Մեր մտավորականությունը, մեր գիտնականներն իրենց սրտի խորքում որպես գերագույն խնդիր պահում են Արցախը և Արցախի հետ կապված հարցերը: Ողջունում ենք ձեզ և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»: Ներկայացնելով «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» (մաս I)՝ «Քրդերն ու թաթերը» գիրքը՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել Ադրբեջանի պատմությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը: Առանց դրա մենք ավելի քիչ պատրաստ կլինենք այն մարտահրավերներին, որոնք գալիս են այդ երկրից: Այս համատեքստում ուսումնասիրում ենք ազգային փոքրամասնությունների պատմությունն ու քասղաքականությունը»: Հանդիպման մասնակիցները Դավիթ Բաբայանին ուղղեցին իրենց հուզող հարցերը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ-ի գիտնականները նշեցին, որ տարիներ շարունակ ուսումնասիրվել են Արցախի պատմամշակութային հուշարձանները, առկա են գիտական, փաստագրական տվյալներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային հանրությանը: Երիտասարդ գիտնականները ևս պատրաստակամություն հայտնեցին աջակցելու արցախահայությանը և ներգրավվելու Արցախի կրթական ու գիտական կյանքում: |