| ||||||||
Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը մասնակցեցին Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց. «Ես ինձ շատ լավ եմ զգացել, երբ պարոն Սաղյանը եկել է Արցախ և խոսել է Արցախի գիտական կենտրոնի հենքի վրա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոքրիկ մոդել սարքելու մասին: Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր ազգային ինտելեկտի ներդրման, ինքնակազմակերպման, կենտրոնացման հարցը: Այսօր մենք ունենք Արցախի հայկականության պահպանման խնդիր, և այս խնդիրը շատ սուր է, այն պետք է լուծվի գիտական մակարդակով: Համաշխարհային քաղաքակրթական արժեքներն Արցախում օկուպացված են, և սրա մասին պետք է խոսել թիրախային լսարաններում, ճիշտ աշխատանք տանել, որպեսզի կարողանանք Արցախը հայկական պահել: Արցախը պետք է դառնա գիտակրթական գրավիչ կլաստեր, պետք է գիտությունը մտցնենք նաև հանրակրթության ոլորտ»: Լուսինե Ղարախանյանը Արցախի ԿԳՄՍ նախարարության «Լույսի առաքյալ» մեդալ շնորհեց Աշոտ Սաղյանին: Շնորհակալություն հայտնելով՝ Աշոտ Սաղյանը նշեց. «Այս մեդալն ինձ համար ամենաբարձր նվերն է»: Մասնավորապես, առաջարկվեց իրականացնել հետազոտություններ ջրի որակի, գյուղատնտեսական մթերքների, տարածքների աղտոտվածության վերաբերյալ, ներդնել և ընդլայնել Արցախում կենսատեխնոլոգիաներ՝ կենսապրոդուկտների ստացման նպատակով: Առաջարկվեց կազմակերպել պրակտիկա ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում Արցախի երիտասարդ գիտնականների համար, Արցախում կազմակերպել դասախոսություններ Հայաստանի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև Արցախում կազմակերպել արտագնա նստաշրջաններ և գիտաժողովներ: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն |