Новости
23/11/2021
«Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդես

   Ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:30-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաժողովների դահլիճում (Մաշտոցի 53) տեղի կունենա Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպում են Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը՝ ՀՀ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ:
   Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության տնօրենի տեղակալ Սինե Ռացոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
   Միջոցառման երեք նիստերի ժամանակ կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման և միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Ելույթներով հանդես կգան հայաստանյան և արտասահմանյան մասնագետները:
   «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. նոյեմբերի 12-ին: Ծրագրի շրջանակներում Հայաստանի կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցույթներին, ինչպես նաև հանդես գալու որպես նախագծերի համակարգող: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ-ի համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: 
   2019թ-ին ՀՀ ԳԱԱ-ն միացել է EURAXESS համաեվրոպական նախաձեռնությանը, որի շրջանակներում ստեղծվել է EURAXESS-Հայաստան պորտալը, որում ներգրավվել են Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնը: EURAXESS ցանցը գիտնականներին մատուցում է տեղեկատվական և օժանդակ ծառայություններ, աջակցում է գիտնականների տեղաշարժին և կարիերայի զարգացմանը` միաժամանակ հնարավորություն ստեղծելով ընդլայնել գիտական համագործակցությունը անդամ երկրների և աշխարհի միջև: 

  ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
  23.11.2021թ.