Новости
10/11/2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

   Սիրելի գիտնականներ, ամեն տարի նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը, որի նպատակն է ընդգծել գիտության կարևոր դերը հասարակությունների կյանքում, իրազեկել քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնել գիտության ոլորտում աջակցությունը, խրախուսել ազգային և միջազգային համերաշխությունը տարբեր երկրների գիտական նվաճումների փոխանակման համար, համախմբել գիտության շուրջ համաշխարհային հանրությանը: 
   Պատահական չէ ընտրված գիտության համաշխարհային օրվա այս տարվա թեման՝ «Կլիմայի փոփոխությանը պատրաստ համայնքների կառուցում»: Այս գլոբալ մարտահրավերը՝ կլիմայի փոփոխությունը, լուրջ սպառնալիք է միլիարդավոր մարդկանց, մոլորակի կյանքի համար: Մեկ այլ գլոբալ մարտահրավեր է համաճարակների տարածումը, ինչպիսին է COVID-19-ը, որի դեմ պայքարելու համար համաշխարհային գիտական հանրությունը պետք է միավորվի: Այսօր առավել քան կարևոր է ցույց տալ գիտության կարևորությունն ու արդիականությունը մեր առօրյա կյանքում և համարձակ գաղափարներով շարժվել դեպի նորարարություններ:
   Սիրելի գիտնականներ, հավատացեք ձեր ուժերին ու հնարավորություններին և մի վախեցեք անհնարինը դարձնել հնարավոր: Մաղթում ենք ձեզ ստեղծագործական հաջողություններ, մեր երկրի և հասարակության համար նոր և անհրաժեշտ բացահայտումներ, առողջություն և ամենայն բարիք:
   Գիտության համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 20 տարի առաջ՝ 2002 թ-ի նոյեմբերի 10-ին: Գիտությանը օր նշելու առաջարկ արվել է 1999թ-ին` Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ՝ գիտության և հասարակության միջև շփումը սերտացնելու նպատակով: 2001 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես Գիտության համաշխարհային օր հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development), որը 2002թ-ի նոյեմբերի 10-ից ամեն տարի լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.11.2021թ.