Новости
08/10/2021
Հայագիտությունը՝ Եվրոպական միության ուշադրության կենտրոնում

    Հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվեց «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի և Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց 9-14 դդ.» եվրոպական ծրագիրը:

    Ծրագրի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 2-2.5 միլիոն եվրո է, տևողությունը՝ 5 տարի:

    Ծրագրի կարևորագույն նպատակներից է ներկայացնել պատմական Հայաստանի տեղը և դերը միջին դարերում՝ որպես Եվրասիայի միջմշակութային հարաբերությունների կարևորագույն հանգույցներից մեկը: Կարևոր է միավորել տարբեր ոլորտների մասնագետների աշխատանքը, որպեսզի համակարգված և միասնական կերպով ուսումնասիրվեն բազմալեզու աղբյուրները, պարզվի գաղափարների, գրական ժանրերի, արվեստների, ավանդույթների շրջանառությունը, դրա ուղիները:


    «Մեր թիմի ուշադրության կենտրոնում է պատմական Հայաստանը և այն շրջապատող ավելի լայն աշխարհագրական մի տարածք, որը ձգվում է Կովկասյան լեռների հարավից դեպի արևմուտք՝ մինչև Անատոլիա, և դեպի հարավ՝ մինչև Հյուսիսային Միջագետք: Սրանք այն շրջաններն են, որոնց բնակչության հետ հայերն ունեցել են դարավոր պատմամշակութային կապեր: Ծրագրի շրջանակներում կպարզվի, թե բնակչության լայն զանգվածների միգրացիան կամ զինված ուժերի ներխուժման հետևանքով նոր տարածքների գրավումը ինչ տիպի մշակութային փոխհարաբերություններ են ստեղծում, ինչպես են ձևավորվում և զարգանում զավթված բնակչության և այլազգի տիրապետող վերնախավի հարաբերությունները, ինչ ազդեցություն են թողնում այս հանգամանքները հասարակական նորմերի կամ ազգային ավանդույթների վրա», - ասաց Զարուհի Պողոսյանը՝ նշելով, որ ծրագրով շրջանառության մեջ կդրվի մեծ ծավալի աղբյուրագիտական նյութ, հատկապես հայերեն լեզվով, ինչը հիմք կհանդիսանա նորանոր ուսումնասիրությունների համար:

    Ծրագրի շրջանակներում Ֆլորենցիայի համալսարանում կստեղծվի հայագիտության կենտրոն, որի միջոցով կընդլայնվի համագործակցությունը Հայաստանում գործող գիտնականների հետ:


    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը շնորհավորեց պրոֆեսոր Զարուհի Պողոսյանին: «Ծրագրի թեման ունի գերաարդիական նշանակություն: Հենց այդ ժամանակահատվածում հայ մշակույթը վերելք է ապրել, զարգացել են կերպարվեստը, պոեզիան, ճարտարապետությունը, այդ ժամանակահատվածում են ստեղծվել երկու հայկական պետականությունները՝ Բագրատունյաց Հայաստանը և Կիլիկիան Հայաստանը: Այդ ժամանակահատվածն անվանում են Հայկական վերածնունդ (ռենեսանս), և այս հետազոտությունը, որպես երկու մայրցամաքների մշակութային համագործակցության հանգույց, շատ կարևոր է: Ծրագիրը կնպաստի մեր մշակութային արժեքների պաշտպանությանը, զերծ կպահի մեր մշակույթը կեղծիքներից, նպաստի հայագիտության զարգացմանը և կստեղծվի ու կզարգանա հայագիտական կենտրոն Ֆլորենցիայի համալսարանում», - ասաց Յուրի Սավարյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ է ծրագրի հետազոտական աշխատանքներին ներգրավել նաև հայաստանյան հայագետներին:

    ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի վարիչ Ֆրանկ Հեսսը, շնորհավորելով ծրագրի թիմին, շեշտեց նախատեսվող հետազոտությունների և տարբեր երկրների մասնագետների համագործակցության կարևորությունը:


   Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ նման հետազոտությունները հնարավորություն են տալիս ճանաչելի դարձնել Հայաստանը և հայ ժողովրդի մշակույթը գիտական շրջանակների ու լայն հասարակության համար: «Մեր նպատակն է, որ հայագիտությունը շարունակի մնալ որպես միջազգային գիտություն, ինչը շատ կարևոր է: Հուսով եմ, որ այս ծրագիրը նախադեպ կհանդիսանա, որպեսզի հետագայում ևս հայագիտությանը տրամադրվի այսպիսի մեծ ուշադրություն և նաև ֆինանսական միջոցներ, ինչը շատ կարևոր է ոլորտը զարգացնելու համար», - ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ բացառիկ երևույթ է, երբ Եվրոպական Միության կողմից հատկացվում է նման ուշադրություն հայագիտության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: «Այս ծրագրի միջոցով հայագիտությունը դառնում է եվրոպական գիտության մի մաս: Շատ կարևոր է, որ  հայաստանյան հայագիտությունը սկսում է տիրապետել ժամանակակից գիտության լեզվին: Մենք պետք է կարողանանք մեր աղբյուրները շրջանառության մեջ դնել այնպիսի գիտական լեզվով, որը հասկանալի և ընդունելի է ժամանակակից գիտության համար: Համաշխարհային հայագիտություն է մտնում մի նոր սերունդ, որն իր հետ բերում է նոր մոտեցումներ, նոր աշխարհընկալում, և դրանք համաեվրոպական են, ինչը շատ կարևոր հանգամանք է մեր ժողովրդի համար», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

08.10.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն