Новости
23/03/2017
Ջրի համաշխարհային օրը` ՀՀ ԳԱԱ-ում

Մարտի 22-ին ՀՀ ԳԱԱ-ում նշվեց  Ջրի համաշխարհային օրը: ՀՀ ԳԱԱ երկրաբանական  թանգարանն անցկացրեց «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ.» խորագրով միջոցառում:

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Մենք պետք է խնայողաբար վերաբերվենք  Սևանա լճին և Հայաստանի այլ ջրային ռեսուրսներին: Պետք է ուշադիր լինել ջրի պահպանման, օգտագործման, շահագործման խնդիրների նկատմամբ: Այս ուղղությամբ մեր գիտական կազմակերպություններում իրականացվում են մի շարք հետազոտություններ»:

«Պատմականորեն Հայաստանի համար քաղցրահամ ջրերի շտեմարան եղել է և ապագայի համար առավել կարևորվում է Սևանա լիճը, որն իր դիրքով և ջրերի որակի տեսակետից մեր ժողովրդի գոյատևման երաշխիքներից մեկն է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին հետևողական միջոցառումները, միտված Սևանի ջրի մակարդակի բարձրացմանը, տալիս են իրենց դրական արդյունքները»,- իր ելույթում մասնավորապես նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը:

20170323-1.jpg
«2000թ-ից սկսած Գերմանական զարգացման բանկը ներգրավվեց Հայաստանի ջրային ոլորտում` Հայաստանի կառավարության հետ միասին խթանելու ջրի որակի պահպանումը: Եթե այս ծրագիրը հաջողությամբ իրականացվի, Գյումրիի և Վանաձորի շուրջ 4000 բնակիչ բարձր որակի ջուր կունենա»,- խոստացավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային  Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան  Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Հայաստանում  Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին նշեց, որը Իտալիայում ջրի խնդիրներից են ջրակորուստները և թունաքիմիկատներով և քիմիական նյութերով ջրի աղտոտումը: Այս խնդիրներին  մեծ հնչեղություն տալու համար Իտալիայում ամեն տարի մեծ շուքով նշում են Ջրի համաշխարհային օրը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր ելույթում ներկայացրեց պետության կողմից ջրային ռեսուրսների կառավարման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները:

«Վերջին տարիներին Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրականացվել են էական օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ինչի արդյունքում ապահովվել է դրանց համապարփակ կառավարման սկզբունքների ներդրումը և կիրառումը: Ջրային ռեսուրսների ոլորտում տարվում է միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքականություն: Այդ գործընթացները համահունչ են Եվրամիության համապատասխան դիրեկտիվներին, ինչը բարձրացնում է մեր կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը»,- նշեց Խաչիկ Հակոբյանը:

«Սևան» ազգային պարկի նախագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանն անդրադարձավ Սևանա  լճի, նրա պատմական, ներկայիս և ապագա խնդիրներին:

Միջոցառումը շարունակվեց ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում, որտեղ թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանն անցկացրեց «Ջուրը կյանք է, չաղտոտենք այն…» թեմայով մրցույթ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
23.03.2017թ.

Фотогалерея