| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները: Ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց, որ անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլ նաև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Նա նշեց համատեղ իրականացվող հաջողված ծրագրերը ինֆորմատիկայի, աստղագիտության, երկրաբանության ոլորտներում և ընդգծեց ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: «Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում շատ կարևոր է գիտական ակտիվ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի ազգային ակադեմիայի ինստիտուտների միջև, ինֆորմացիայի և փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը Եվրոպական միության համագործակցության շրջանակներում», - նշեց Աշոտ Սաղյանը: |