Новости
23/03/2021
Տվյալների հայկական խորանարդ. հեղափոխական տեխնոլոգիաներ և արդյունավետ համագործակցություն` հանուն շրջակա միջավայրի պահպանության

    Արոտավայրերի արդյունավետությունը, աղտոտիչների առկայությունը, էրոզիայի ու երաշտի և այլ բնական երևույթների ազդեցությունները շրջակա միջավայրի վրա կարող են գնահատվել հեռավար եղանակով՝ օդային կամ արբանյակային սենսորների միջոցով: Սակայն ստացվող տվյալների հսկայական ծավալների մշակումը ենթադրում է նորարարական լուծումներ և տեխնիկական աջակցություն, ինչը, իր հերթին, պահանջում է արդյունավետ համագործակցություն:
    ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն), ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) և Ժնևի համալսարանի (UNIGE) հաջող համագործակցությունը «Data Cube» («Տվյալների խորանարդ») տեխնոլոգիայի շուրջ թույլ է տալիս արժեքավոր տեղեկություններ հավաքագրել Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ:
    Երկրի զննման համակարգերի կոմիտեի (CEOS) գնահատմամբ` մինչև 2022 թ.-ը «Data Cube» ենթակառուցվածքները ներդրված կլինեն ավելի քան 20 երկրներում: Հայաստանն այն քիչ երկրների շարքում է, որոնք արդեն սկսել են ազգային մակարդակով ձևավորել «Data Cube» ենթակառուցվածքներ: Չնայած տվյալների հայկական խորանարդը դեռևս մշակման փուլում է, այն հաջողությամբ ներդրվել է որպես Երկրի դիտարկման տվյալների ամբողջական և մշտապես թարմացվող արխիվ, որը հասանելի է http://datacube.sci.am կայքի միջոցով: Ինչպես հայտնում է Էկոկենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը, տվյալների հայկական խորանարդը Երկրի հեռազննման և ազգային տվյալների վիզուալացման հեղափոխական տեխնոլոգիա է: Այն կոչված է ապահովելու շրջակա միջավայրի շարունակական մշտադիտարկումը, ինչը Երկրի զննմամբ զբաղվող գիտնականներին հնարավորություն կտա պարզել առկա միտումները, գնահատել ընթացիկ վիճակը և կանխատեսումներ անել:
    «Լիարժեք օգուտների մասին կկարողանանք խոսել, երբ շոշափելի արդյունքներ գրանցվեն: Բայց տվյալների ազգային խորանարդի հիմնական առավելությունն այն է, որ այն ընդգրկում է անվճար ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքները և ամպային կարողությունները` միավորելով տվյալները, վերլուծական մեթոդները և կիրառական գաղափարները, որոնք անհրաժեշտ են սոցիալական, տնտեսական ու շրջակա միջավայրի կայունությունը ապահովման համար»,– նշում է Շուշանիկ Ասմարյանը:
    Ծրագիրը կյանքի է կոչվել ԵՄ տարբեր հետազոտական կազմակերպությունների հետ համագործակցության և շրջանակային ծրագրերում մասնակցության փորձ ունեցող էկոկենտրոնի և ԻԱՊԻ-ի համատեղ աշխատանքի արդյունքում` Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարության կողմից աջակցվող ADC4SD` «Տվյալների հայկական խորանարդ՝ կայուն զարգացման համար» նախագծի շրջանակներում: ԻԱՊԻ-ն ապահովում է Երկրի զննման արդյունքում ստացված տվյալների պահպանման, դասակարգման, կառավարման իրականացումը՝ դրա համար անհրաժեշտ գործիքակազմի ու ենթակառուցվածքների տրամադրմամբ, իսկ Էկոկենտրոնը և երրորդ գործընկերը` Ժնևի համալսարանը, տրամադրում են Երկրի հեռազննման տվյալների դասակարգման վերաբերյալ փորձագիտական աջակցություն և հեռազննման տվյալների դասակարգման արդյունքների վերլուծություն: Գործընկերների խոսքերով`նրանց միջև ձևավորվել է սիներգետիկ երկարամյա փոխգործակցություն:
    «Էկոկենտրոնը 2013 թ.-ից ակտիվորեն օգտվում է ԻԱՊԻ-ի ծառայություններից, քանի որ Էկոկենտրոնի համակարգչային կարողությունները բավարար չէին արբանյակներից և անօդաչու թռչող սարքերից ստացվող տվյալների մշակման և վիզուալացման համար: Մասնավորապես, ԻԱՊԻ-ի ամպային համակարգերն ապահովում են հեռավար համակարգչային ենթակառուցվածքների հասանելիություն՝ տվյալների պահպանման, մշակման և վիզուալիզացման (արտապատկերման) համար»,– հայտնում է Ասմարյանը:Ժնևի համալսարանում «Երկրի հեռազննում» ուղղությամբ ավագ դասախոս և «GRID-Geneva»-ի թվային ստորաբաժանման ղեկավար Գրեգորի Ջուլիանին ևս հավաստում է. «Կարծում եմ, որ ADC4SD-ի շրջանակներում համագործակցությունը չափազանց շահավետ է մեզ և մեր գործընկերների համար և հիմնված է մեր երեք հետազոտական կենտրոնների ու երկու երկրների միջև շուրջ 10 տարի առաջ մեկնարկած երկարատև ու բարեկամական հարաբերությունների վրա: Մենք ԻԱՊԻ-ի միջոցով շատ բան ենք իմացել գերարդյունավետ հաշվարկների և տարաբաշխված համակարգերի մասին, իսկ Էկոկենտրոնի միջոցով` շրջակա միջավայրի մշտադիտարկման մասին»:
    «Data Cube» տեխնոլոգիան թույլ է տալիս բարդ տվյալները հետազոտել բազմաչափ եղանակով: Շվեյցարական լավագույն պրակտիկաների վրա խարսխված տվյալների հայկական խորանարդն օգտագործում է ԻԱՊԻ-ի տրամադրած ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքը, որը ներառում է ինչպես կապի, այնպես էլ տարաբաշխված հաշվողական ենթակառուցվածքներ, և ապահովում է միասնական համակարգչային միջավայր, որտեղ կարող են օգտագործվել տարբեր առաջադեմ տեխնոլոգիական մոտեցումներ, ինչպիսիք են արհեստական բանականության ալգորիթմներն ու բարձր արտադրողականությամբ հաշվարկները:
    Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միավորում» (EaPConnect) հնգամյա ծրագրի շնորհիվ, որի նպատակն է  ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների հետազոտական և կրթական համայնքների միավորումն ու նրանց միջև թվային անջրպետի նվազեցումը, զգալիորեն ընդլայնվեց ԻԱՊԻ-ի շրջանակներում գործող hայաստանյան ASNET-AM ազգային հետազոտական և կրթական ցանցի (ԱՀԿՑ, NREN) հաշվողական և պահուստային ներուժը՝ վերջինիս հնարավորություն տալով լուծել մի շարք գիտական և հանրային խնդիրներ: ASNET-AM-ի IaaS (ենթակառուցվածքը՝ որպես ծառայություն) ամպային ենթակառուցվածքը թույլ է տալիս տվյալների հայկական խորանարդին կառավարել Երկրի հեռազննման վերաբերյալ մեծաքանակ տվյալները և իրականացնել արբանյակային պատկերներից ստացված տվյալների բազմասպեկտր վերլուծություն` օգտագործելով ինչպես կապի, այնպես էլ բաշխված հաշվողական ենթակառուցվածքներից բաղկացած բազմաբնույթ և բազմաշերտ ամպային մոդելավորումներ:«Անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու համար խիստ կարևոր է նոր կարողությունների զարգացումը: Սա օգնում է հասնել այս նոր տեխնոլոգիայի ընդունմանը, ճանաչմանը և հետևողական կիրառմանը, ինչը կբարելավի Երկրի զննման տվյալների հասանելիության և օգտագործման կարողությունը»,– նշում է ԻԱՊԻ տնօրեն Հրաչյա Ասցատրյանը:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://eufordigital.eu/the-armenian-data-cube-a-successful-collaboration-for-environmental-sustainability/:

Սկզբնաղբյուր՝ scs.am