Новости
04/03/2021
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գառնիկ Չուխաջյանը

   Սույն թվականի փետրվարի 28-ին կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ալեքսանի Չուխաջյանը:
   Գառնիկ Չուխաջյանը ծնվել է 1935թ. փետրվարի 28-ին Լենինական քաղաքում: 1957թ. ավարտել է  Երևանի պետական համալսարանը: 1972թ. պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1979թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1996թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
   Գառնիկ Չուխաջյանը 1960-1964թթ. եղել է Երևանի քիմիական կոմբինատի լաբորատորիայի վարիչ, 1964-1982թթ.՝ Պոլիմերների Համամիութենական ԳՀ և նախագծային ինստիտուտի մոնոմերների քիմիայի  լաբորատորի վարիչ: 1982-1993թթ-ին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ:  Նրա գիտական աշխատանքները վերաբերել են համասեռ և միջֆազային կատալիզի պայմաններում չհագեցած  միացությունների ստացման ու փոխակերպման ռեակցիաներին, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզին և տեխնոլոգիային: Գառնիկ Չուխաջյանի կողմից մշակվել և ներդրվել են բժշկության մեջ երկշերտ ինքնակպչող կենսահամատեղելի թաղանթներ, սպունգներ, սոսինձներ, հակաայրվածքային քսքուքներ և այլն:
   1994թ-ից Գառնիկ Չուխաջյանը բնակություն է հաստատել  ՌԴ Մոսկվա քաղաքում:
Ճանաչված գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   04.03.2021թ.