ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի կոչին միացել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանսիայի Նանտի համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Վեհարի Սաքանյանը: Նա նամակ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, որում նշված է.
«Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,Ես լիովին պաշտպանում եմ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բողոքի ցույցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետ: Ես ողջունում եմ Ակադեմիայի և Վազգեն Մանուկյանի քննարկումն այս դժվարին պահին գիտության ճակատագրի, գիտության դերի մասին երկրի կարևորագույն խնդիրներում այս և հետագա տարիներին: Դուք համարձակ և արդար անձնավորություն եք, և ես աջակցում եմ Ձեզ Ձեր գործողություններում»:
Հիշեցնենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ սույն թվականի նոյեմբերի 24-ին ընդունել է հայտարարություն, որով պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը: Դեկտեմբերի 16-ին էլ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.12.2020թ.