83 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Վարդանյանը:
Յուրի Վարդանյանի գիտական գործունեությունը կապված էր տեսական միջուկային ֆիզիկայի, ռելյատիվիստական աստղաֆիզիկայի, սպիտակ թզուկների, նեյտրոնային և տարօրինակ աստղերի ֆիզիկայի հետ:
Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը սերունդների կրթության գործում: 1975 - 2017թթ. նա աշխատել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես դեկան: Հեղինակել է 5 ուսումնական ձեռնարկ, 128 գիտական հոդված:
Կրթության և գիտության ոլորտներում ներդրած ավանդի և նվաճումների համար Յուրի Վարդանյանը պարգևատրվել է ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալով, ՀՀ «Անանիա Շիրակացու» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Դրաստամատ Կանայան» պաշտպանության նախարարության մեդալով, ԵՊՀ Ոսկե մեդալներով:
Արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և գիտական հանրությունը խորը վիշտ են ապրում անվանի գիտնականի մահվան կապակցությամբ և իրենց ցավակցությունն են հայտնում Յուրի Վարդանյանի հարազատներին, գործընկերներին և սաներին:
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` ժամը 18.00-ին, թաղման արարողությունը` հոկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական ծառայություն
23.10.2019թ.