Новости
11/07/2019
Երիտասարդ քիմիկոս Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրի մրցանակակիր

    ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն)  տարրի մրցանակակիր: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 8-ին՝ Փարիզում, Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC)  Գլխավոր ասամբլեայի 50-րդ և IUPAC-ի՝ 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսի նիստում:

20190711_1.jpg
    Այս տարի աշխարհը նշում է Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակը: Այս կապակցությամբ  IUPAC-ը և Երիտասարդ քիմիկոսների միջազգային ցանցը (IYCN) անցկացրեցին մրցույթ ամբողջ աշխարհի երիտասարդ քիմիկոսների շրջանում: Հաղթող ճանաչված 118 երիտասարդ քիմիկոսները, ում աշխատանքները ներառում է IUPAC- ի առաքելությունն ու հիմնական արժեքները, դարձան  Մենդելեևի պարբերական աղյուսակի 118 տարրերի ներկայացուցիչ: Այսպիսով, ստեղծվել է Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակը (https://iupac.org/100/pt-of-chemist/): 

20190711_3.jpg
    Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը ստացել է «օգանեսոն» (Og) անունը՝ ի պատիվ  տարրը հայտնաբերողի՝ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանի: 

    Սոֆիյա Այդինյանի հետազոտությունները ներառում են նյութաբանության ոլորտը, մասնավորապես, կեղծ համաձուլվածքների, կենսահամատեղելի միացությունների, դժվարահալ անօրգանական միացությունների և այլ նանոկառուցվածքի նյութերի ստացումը բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի` ԲԻՍ (այրման սինթեզի եղանակով): Գիտական հետազոտություններից են կենսավերարտադրողական համակարգերի մոդելավորումը և ստացումը ԲԻՍ եղանակով ադիտիվային տեխնոլոգիաների համար, ինչպես նաև կենսագազից ջրածնի ստացման ելքը մեծացնելու համար կայուն, արդյունավետ և մատչելի կատալիզատորների ստացումը լուծույթների այրմամբ սինթեզի եղանակով: Ներկայումս նա նաև զբաղվում է ադիտիվային տեխնոլոգիաների համար անհրաժեշտ կառուցվածքով բարձրջերմաստիճանային նյութերի սինթեզով: Սոֆիյա Այդինյանն առաջարկել է այրման ռեժիմում գերամուր և թեթև, նանոկառուցվածքով կերամիկական նյութերի ստացման նոր եղանակ 3D տպագրության համար, որոնք հեռանկարային են համարվում տիրեզերաշինության համար: https://www.youtube.com/watch?time_continue=30&v=hSUTSrbGKuI

20190711_2.jpg

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
11.07.2019թ.