ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ "Հորիզոն-2020" ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրի տեղեկատվական օր: Միջոցառումն անցկացվեց "Հորիզոն-2020"-ի EaP Plus նախագծի և Եվրահանձանաժողովի կողմից նախաձեռնած Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների քարոզարշավի շրջանակներում:
Այս քարոզարշավը Հայաստանի "Հորիզոն-2020" ծրագրի ասոցացված անդամակցությանը նվիրված միջոցառումների շարքից է և նպատակ ունի լրացուցիչ խթան հանդիսանալ "Հորիզոն-2020" ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագրին Հայաստանի գիտնականների և գիտահետազոտական կազմակերպությունների ավելի ակտիվ մասնակցության համար:
Հայաստանը 2016թ-ից "Հորիզոն-2020" ծրագրի ասոցացված անդամ է, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ծրագրի բոլոր մրցույթներին մասնակցելու համար, մասնավորապես, նորարարական և գիտատար փոքր և միջին ձեռնարկությունների համար:
Միջոցառմանը մասնակցած Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատալի Պասկեն և ԵՄ փորձագետները ներկայացրեցին Մարի Սկլոդովսկա-Կյուրի ծրագրի մանրամասները, անցկացրեցին դասընթաց:
Միջոցառմանը զեկուցվեց ՀՀ ԳԱԱ Միջազգային ծրագրերի բաժնի և Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի մասնակցությամբ Հայաստանում Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի գործունեության, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիաների փոխանցման ուղղությամբ տրամադրվող ծառայությունների մասին:
Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 120 գիտնական` ակադեմիական ինստիտուտներից, համալսարաններից և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններից:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.03.2017թ.