Новости
01/07/2019
Երևանում ներկայացվեցին նոր սերնդի դիտակների համակարգով ստացված արդյունքները

    Սույն թվականի հունիսի 24-ից 28-ը Երևանում տեղի ունեցավ գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 60 գիտնականներ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից: «MAGIC»-ը երկու՝ 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգ է՝ տեղադրված  Իսպանիայի Լա Պալմա կղզում: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին «MAGIC» դիտակների համակարգով ստացված նոր արդյունքները, ամփոփվեցին կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկվեցին հետազոտությունների հետագա ուղղությունները: 

20190701_1.jpg
    Հունիսի 27-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ ներկայացվեցին «MAGIC» և նոր սերնդի՝ 23 մետր տրամագծով «LST» դիտակները, նրանց աշխատանքի սկզբունքները, կառուցման ընթացքում կիրառված բարձր տեխնոլոգիական լուծումները, գիտական ծրագրերը և ստացված կարևոր արդյունքները։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետությունը որդեգրել է գիտության զարգացման միանգամայն նոր քաղաքականություն: Վստահ եմ, որ այս քննարկման արդյունքներն օգտակար են լինելու և նոր հրապարակումներ կլինեն, ինչը թույլ կտա ավելի զարգացնել Հայաստանի գիտությունը»,- իր խոսքում, մասնավորապես, ասաց նախարար Արայիկ Հարությունյանը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, նշեց. «Հայաստանում աստղագիտության ոլորտի հետազոտությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա՝ պայմանավորված Վիկտոր Համբարձումյանի մեծ ավանդով: Հայ գիտնականները միշտ ներգրավված են եղել տարբեր միջազգային համագործակցություններում, որի հաջողված օրինակներից մեկն ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի մասնակցությունն է «MAGIC» համագործակցության աշխատանքներին: Գիտությունների ազգային ակադեմիան կարևորում է նման գիտաժողովների անցկացումը Հայաստանում, ինչը կարող է նպաստել նոր համագործակցությունների ստեղծմանը»:

20190701_2.jpg
    Միջոցառման ընթացքում ՀՀ ԳԱԱ  արտասահմանյան անդամ, Գերմանիայի Մաքս-Պլանկի Ֆիզիկայի ինստիտուտի MAGIC խմբի ղեկավար Ռազմիկ Միրզոյանը, Շվեյցարիայի ETH Zurich համալսարանի պրոֆեսոր Ադրիան Բիլանդը ներկայացրեցին «MAGIC» դիտակների համակարգը, նրանց միջոցով վերջերս ստացված մի շարք կարևոր արդյունքներ և հայ գիտնականների մասնակցությունը «MAGIC» համագործակցության աշխատանքներին: Բարսելոնայի Բարձր Էներգիաների ֆիզիկայի  ինստիտուտի պրոֆեսոր Մանել Մարտինեսը հանդես եկավ ելույթով «LST» (Large Size Telescope) դիտակի և «CTA» (Cherenkov Telescope Array) համագործակցության մասին:

20190701_4.jpg
    Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը: ԻԿՐԱՆԵՏ-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: ԻԿՐԱՆԵՏ-ի հիմնադիր անդամ պետություններն են Իտալիան, Հայաստանը, Վատիկանը և Բրազիլիան: ԻԿՐԱՆԵՏ-ի համակարգող կենտրոնը գտնվում է Իտալիայի Պեսկարա քաղաքում, իսկ ցանցի կենտրոնները՝ Հռոմում (Իտալիա), Նիցայում (Ֆրանսիա), Ռիո դե ժանեյրոյում (Բրազիլիա) և Երևանում (Հայաստան): 
    ԻԿՐԱՆԵՏ-ի նպատակը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումն է, ինչպես նաև այդ բնագավառի գիտական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
01.07.2019թ.