Новости
25/03/2019
ՀՀ ԳԱԱ-ի բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2018թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են հետևյալ գիտահետազոտական կազմակերպությունները` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

20190325_5_body.jpg
    Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 7 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:
    2018թ-ին տպագրվել է 298 հոդված (188-ն արտասահմանում), 140 թեզիս (92-ն արտասահմանում), 12 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկ, և հատկացվել է 2 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 16 գիտաժողով, որոնց մասնակցել է 904 մարդ (232-ն արտերկրից): Կազմակերպվել են քննարկումներ, այդ թվում` «Հիմնարար գիտության զարգացման հեռանկարները» ԱՊՀ գիտնականների 2018թ. ֆորումի շրջանակներում, «Կենսա-բժշկության ոլորտում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության քննարկումը» ՌԳԱ փոխնախագահ ակադեմիկոս Վ.Չեխոնինի հետ համատեղ և «Սևանա լճի էկոլոգիական հիմնահարցերը» ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ համատեղ:
    Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Չարորակ ուռուցքների համաճարակաբանության պատկերը Հայաստանում» (Զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Հ. Մ. Գալստյան)
  • «Հայաստանի շրջակա միջավայրի ռադիոակտիվության գնահատումը» (Զեկ.` կ.գ.թ. Օ. Ա. Բելյաևա)
  • «Ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիան և մանրէների ինակտիվացումը կենսաինժեներիայի մեթոդներով» (Զեկ.` կ.գ.թ. Գ. Վ. Գյուլխանդանյան)
  • «Բույսերի հիդրոպոնիկայի հեռանկարները Հայաստանում» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Հ. Թադևոսյան, կ.գ.թ. Խ. Ս. Մայրապետյան)
  • «Ապաբջջային սկաֆֆոլդների ստացում» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Գ. Քերյան)
  • «Հայաստանի էկոհամակարգերի պահպանման հեռանկարները» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Ս. Ալեքսանյան, կ.գ.դ. Գ. Մ. Ֆայվուշ)
  • «Նոր սերնդի հակամանրէային պատրաստուկների ստացումը և կիրառումը» (Զեկ.` կ.գ.թ. Ք. Ջ. Կարապետյան)
  • Մարդու մակաբույծների շրջապտույտը բնության մեջ (Զեկ.` կ.գ.թ. Ս. Ա. Աղայան)

   Կարևորագույն գիտական արդյունքներ

   «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ

   «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ն իր արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացնում է ինովացիոն ծրագրեր: Մասնավորապես, 2018 թ-ին Կենտրոնում գործող արտադրամասում ներդրվել են «Նարինե» ըմպելի և փոշենման կաթնաթթվային մթերքների ու մի շարք բուսական յուղերի արտադրություններ:

   Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

   Անցկացվել են հետազոտություններ, որոնց արդյունքներով տեղական արտադրության կաթի և հանքալեռնային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղենների համար հաշվարկված թունավոր տարրերի քաղցկեղածին ռիսկը գերազանցել է թույլատրելի սահմանը:
   Հայաստանի տարածքի ռադիոէկոլոգիական մոնիտորինգ. փուլ երկրորդ» թեմայի շրջանակներում  նմուշառվել է շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների 60 ներկայացուցչական նմուշների հավաքածու, սկսվել են տարրալուծման աշխատանքներ:
   Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սննդի ոլորտում ռիսկի գնահատման վերաբերյալ սկսել է  համագործակցել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ:

   Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ԳԿ

   Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել են երկու նոր գիտական խմբեր.

  • «Էկոլոգիական ռիսկերի և ազդեցությունների գնահատման» գիտական խումբ՝ ՀՀ ջրային պաշարների քիմիական և կենսաբանական աղտոտվածության և մարդու առողջության համար ռիսկերի գնահատման համար;
  • մոլեկուլային մակաբուծաբանության գիտական խումբ՝ մակաբուծային, վիրուսային և բակտերիոլոգիական հիվանդությունների և հարուցիչների ուսումնասիրության համար:

   Կատարվել է Սևանա լճի խորջրյա հատվածներ ջրաբանական, ջրաքիմիական և օդերևութաբանական ամենամսյա տվյալների հավաքագրում և վերլուծություն: Մշակվել է ջերմային ռեժիմի գնահատման  միաչափ մոդել, որի միջոցով գնահատվել է լճի ջրի ջերմաստիճանի ուղղահայաց վերջին 10 տարիների դինամիկան:

   Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ

   Հայաստանի ֆլորայի կենսակարգաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են Հայաստանի համար, ինչպես նաև Կովկասի ֆլորայի համար նոր տեսակներ:
Ֆրանկֆուրտ-Մայն քաղաքի Սենկենբերգի անվան հնէաբանական ինստիտուտ-թանգարանի հետ համատեղ իրականացվել են հնէաբուսաբանական գիտահետազոտական աշխատանքներ Գերմանիայում և Հայաստանում։
Մեծ Բրիտանիայի Քյու Թագավորական բուսաբանական այգիների հետ համատեղ ծրագրի շրջանակում կատարվել է Հայաստանի ֆլորայի հազվադեպ բուսատեսակների հավաք:

   Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

    Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ՀՀ     Բանակը համեմունքային բույսերի և թեյաբույսերի բուսահումքով ապահովելու նպատակով: Ինստիտուտը ստացել է պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից, որի համաձայն նմուշները շուտով կենթարկվեն համապատասխան փորձաքննության, այնուհետև կփոխանցվեն անձնակազմին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մի շարք բույսերի բացօթյա հիդրոպոնիկ եղանակով արտադրության և ջերմատան կառուցման ծրագրեր ներկայացնելու մասին:

   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Հայկական գենոմ» նախագիծը: Ինստիտուտի կենսաինֆորմատիկայի խումբն իրականացնում է գիտատեխնիկական ծառայությունների մատուցում, որից ստացված հասույթն այս տարի կկրկնապատկվի:

   Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

   Հաստավել է գալարմինի հակաքաղցկեղային ազդեցությունը in vitro պայմաններում Էռլիխի ասցիտային կարցինոմայով վարակված մկների քաղցկեղային բջիջների կախութային կուլտուրայի վրա: Կատարվել են ուսումնասիրություններ գալարմինի տարբեր չափաբաժինների ազդեցության ներքո գտնվող մկների քաղցկեղային բջիջների վրա:

   Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

   Թունաբանական հետազոտությունների արդյունքում  պատրաստ է գյուրզայի հակաթույնի պրոտոտիպը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.03.2019թ.