Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին:
Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ-ին՝ Գյումրիում: 1985թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Սեյրան Մինասյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է քիմիական ռեակցիաների կինետիկան և մոդելավորումը, կենսակտիվ մետաղախելատների և հակաօքսիդիչների ռեակցիաները, շրջակա միջավայրի քիմիան:
Սեյրան Մինասյանը 55 գիտական հոդվածի, 65 գիտական զեկուցումների թեզիսի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն էր:
2016թ-ից ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գործող Քիմիայի մասնագիտական 017 խորհրդի անդամ է:
Սեյրան Մինասյանը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.02.2019թ.