Новости
20/02/2017
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով կլոր սեղան

Սույն թվականի փետրվարի 21-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ  նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կանցկացվի «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով կլոր սեղան: Միջոցառման նպատակն է քննարկել առաջարկներ, որոնք կնպաստեն գիտական արդյունքների ներդրմանը տնտեսության և բնապահպանության ոլորտում:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը կներկայացնի Սևանա լճի կենսառեսուրսների արդի վիճակը:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի  տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը հանդես կգա «Կիրառական գիտության օգտագործումը կենսաբազմազանության մշտադիտարկման գործընթացում» զեկուցմամբ: ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարինե Առաքելյանը կներկայացնի «Կենդանիներ, որպես Հայաստանի էկոհամակարգի կենսացուցիչներ» զեկուցումը:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Հասմիկ Խաչատրյանը կներկայացնի Հայաստանի անողնաշար կենդանիների ֆաունան և պահպանության խնդիրները:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգ Ֆայվուշը կներկայացնի Հայաստանի բուսականության բազմազանությունը և դրա պահպանման խնդիրները:

ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սիրանուշ Նանագյուլյանը հանդես կգա «Սնկերի բազմազանությունը և դրանց պահպանությունը Հայաստանում» զեկուցմամբ:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Բագրատ Մեժունցը հանդես կգա «Արոտների արածեցման նորմավորումը՝ որպես բուսածածկի պահպանման կարևոր միջոցառում» զեկուցմամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.02.2017թ.