Новости
19/12/2018
ՀՀ ԳԱԱ–ն շնորհավորում է հանրահայտ կենդանաբան ակադեմիկոս Սերգեյ Մովսեսյանին 90-ամյա հոբելյանի կապակցությամբ

   ՀՀ ԳԱԱ–ն շնորհավորում է հանրահայտ կենդանաբան ակադեմիկոս Սերգեյ Մովսեսյանին 90-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Ձեր բարձր մարդկային արժանիքները և պրոֆեսիոնալիզմը երկար տարիներ օրինակ են ծառայում երիտասարդ գիտնականների համար: Ձեր հաջողությունները և ձեռքբերումները, գիտական ներդրումը ըստ արժանվույն են գնահատվել ՀՀ ԳԱԱ ղեկավարության,  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների, ինչպես նաև Ձեր կողմից ղեկավարած անձնակազմների, կողմից, ինչի մասին են վկայում ակադեմիկոսի, Հայաստանի գիտության վաստակավոր գործչի Ձեր կոչումները, բազմաթիվ շքանշանները և պետական մրցանակները»,- նշված է ՀՀ ԳԱԱ նախագահության շնորհավորական ուղերձում:
Ակադեմիկոս Մովսեսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա իր շնորհավորական ուղերձում մասնավորապես ասել է. «Ձեր աշխատանքով երկրի համար ստեղծել եք հարստություն և հզորություն: Եվ տարիներ անց կրում եք սեր Հայրենիքի նկատմամբ և  հավատ` արդար գործի հանդեպ»:
   Սերգեյ Մովսեսյանը ճանաչում է ձեռք բերել գիտության համար հելմինթների նոր տեսակների նկարագրման, նոր տաքսոնների կազմավորման, Davaineata  ցեստոդների դասակարգման նոր համակարգի տրման աշխատանքների իրականացման արդյունքում։

20181219_body1.jpg
   Սերգեյ Մովսեսյանն ավելի քան 400 գիտական աշխատությունների, 10 հիմնարար մենագրությունների հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պատրաստվել են բարձորակ մասնագետներ՝ 7 գիտության դոկտոր և 15 թեկնածու:
Գիտական նվաճումների համար Սերգեյ Մովսեսյանը պարգևատրվել է ՌԳԱ Կոնստանտին Սկրյաբինի, Եվգենի Պավլովսկու, Գրեգոր Մենդելի անվան մեդալներով, ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ պատվոգրերով, ՀՀ գիտության վաստակավոր գործչի մեդալով:
   Նա ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավարն է: 1996-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը: Նրա նորարական գիտակազմակերպական գործունեության շնորհիվ ինստիտուտում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, թեմատիկան համալրվել է նոր ուղղություններով: Սերգեյ Մովսեսյանն առաջինն է, ով Հայաստանում ստեղծել է  «Կենդանաբանություն», «Մակաբուծություն» և «Էկոլոգիա» մասնագիտությունների գծով թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտպանության մասնագիտական խորհուրդ: ՀՀ ԳԱԱ-ին կից հիմնել է Հայաստանի հելմինթոլոգների ընկերությունը։ Նրա ջանքերի և հեղինակության շնորհիվ ամրապնդվել են ստեղծագործական կապերը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի առաջատար մասնագիտական գիտահետազոտական կազմակերպությունների հետ, Ռուսաստանի և Հայաստանի ակադեմիաների միջև կապերը վերականգնելու նպատակով 1996թ. հետխորհրդային շրջանում ստեղծվել է առաջին համատեղ միջակադեմիական  կառույցը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պարազիտոլոգիայի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտների համատեղ գիտափորձարարական կենտրոնը։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.12.2018թ.