Новости
27/01/2017
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ հանդիպում Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) և Միջազգային գիտակրթական կենտրոնի մասնագետների (ՄԳԿԿ) միջև: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել արդեն իսկ ձեռք բերված կապերը, քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքները, առաջարկել նոր գաղափարներ ու դրանք իրակ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ հանդիպում Թուլուզի (Ֆրանսիա) Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի (ՀԳԱԻ), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) և Միջազգային գիտակրթական կենտրոնի մասնագետների (ՄԳԿԿ) միջև:

Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել արդեն իսկ ձեռք բերված կապերը,  քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքները, առաջարկել նոր գաղափարներ ու դրանք իրականացնելու հեռանկարներ նախանշել:   

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը ներկայացրեց Հայաստանում ինֆորմատիկայի զարգացման միտումները և հաշվողական գիտության ոլորտի վերաբերյալ ԳԱԱ-ի միջազգային համագործակցության փորձը: Նա հատկապես ընդգծեց բազմամյա համագործակցությունը Ֆրանսիական գիտակրթական հաստատությունների հետ: ՀՀ ԳԱԱ փոխնախագահն անդրադարձավ գիտակրթական ուղղությունների զարգացմանը և գիտական կադրերի պատրաստման անհրաժեշտությանը:Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը գոհունակություն հայտնեց առկա համագործակցության և հնարավոր նոր զարգացումների առթիվ:

20170127_1.jpg

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը նկարագրեց ինֆորմատիկայի, վիճակագրության ուղղությամբ համալսարանում կատարվող նախապատրաստական աշխատանքները: Նա կարևորեց երիտասարդ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերի անհրաժեշտությունը: 

Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Միշել Դայդեն և ԻԱՊԻ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը փաստեցին բարձր արտադրողականությամբ հաշվողական միջոցների ուղղությամբ երկարամյա համագործակցության արդյունավետության մասին, ամփոփեցին վերջին տարիներին իրականացվող կրթական նախագծերի արդյունքները:

«Հորիզոն 2020» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները ներկայացրեցին Պիեր Հենրի Քրոսը (ՀԳԱԻ), Հրաչյա Ասցատրյանը (ԻԱՊԻ) և Ալբերտ Սարգսյանը (ՄԳԿԿ): 
ՀՀ ԳԱԱ և Ֆրանսիական համալսարանների միջև նոր նախագծերի իրականացման համար նախապատրատվեց հուշագիր:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.01.2017