Новости
15/10/2018
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նշում է իր հիմնադրման 75-ամյակը

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նշում է իր հիմնադրման 75-ամյակը: 2018թ. հոկտեմբերի 17-18-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին  նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ: ՀՀ ԳԱԱ հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու գիտական պատվիրակություններ`Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից: Շատ պատվիրակություններ գլխավորում են գիտությունների ակադեմիաների նախագահները: Հյուրերի թվում են նաև միջազգային  ICRANet ցանցի տնօրեն  Ռեմո Ռուֆֆինին և Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) փոխնախագահ Գրահամ Քեյը:
   Հոկտեմբեր 17–ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա հոբելյանական նիստ:Այնուհետև ժամը 12:30-ին կբացվի ՀՀ ԳԱԱ ցուցահանդեսը ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի տարածքում:
   Հյուրերը կայցելեն Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
   Հոկտեմբերի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա հոբելյանական նիստ, որի ընթացքում տեղի կունենա վաստակաշատ գիտնականների պարգևատրման արարողություն:
   Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվեց 1943թ. նոյեմբերին ՀՍՍՌ կառավարության որոշմամբ և առաջին պրեզիդենտ ընտրվեց աշխարհահռչակ Էրմիտաժ թանգարանի տնօրեն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: 1947թ-ին ակադեմիայի պրեզիդենտ ընտրվեց  տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր` հանրահայտ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: Ակադեմիայի հիմնադրման պահին հասարակական գիտությունները ներկայացված էին Պատմության, Լեզվի և Գրականության ինստիտուտներով, հետագայում ստեղծվեցին Արվեստի, Արևելագիտության, Տնտեսագիտության, Փիլիսոփայության  և իրավունքի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտները: Մեծ ուշադրություն դարձվեց ճշգրիտ գիտությունների զարգացմանը. ստեղծվեցին ինստիտուտներ բնական գիտությունների բնագավառում: Կարևորվեց տեխնիկական գիտությունների բնագավառում ժամանակակից հետազոտությունների իրականացումը:
   Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի 46-ամյա ղեկավարման ժամանակահատ-վածում   Հայաստանի գիտությունների ակադեմիան կայացավ, ունեցավ ծանրակշիռ ձեռքբերումներ, առաջատար դեր ստանձնեց Խորհրդային Միության հանրապետությունների ակադեմիաների շարքում, ճանաչելի դարձավ արտասահմանում:
   1992 թ.` Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո,  ՀԽՍՀ ԳԱ-ն վերանվանվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա:
   1993 թ-ն` Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորման դժվարին ժամանակաշրջանում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ընտրվեց ճանաչված պետական գործիչ, գիտության և գիտական արտադրության անվանի կազմակերպիչ Ֆադեյ Սարգսյանը: Տնտեսական վերափոխումներին զուգահեռ հույժ կարևոր էր հոգածությունը  գիտության հանդեպ` պահպանել գիտական հիմնական ուղղությունները, գիտական ներուժը, նախկին գիտական կապերն ու համագործակցությունը: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցեց Գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերությանը, սկսեց համագործակցել INTAS, ISTC, NATO, CRDF միջազգային կառույցների հետ, իր գիտական հետազոտություններում ներգրավեց օտարերկրյա հայ գիտնականների:
   2006 թ. ՀՀ ԳԱԱ նախագահ ընտրվեց ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ոլորտի հայտնի մասնագետ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
   Մշակվեց «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հաստատվեց 14.04.2011թ. ՀՀ ԱԺ-ի կողմից:
   Մեծապես ակտիվացավ ակադեմիայի միջազգային համագործակցությունը: Համագործակցության նոր պայմանագրեր ստորագրվեցին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի, Վրաստանի, Թուրքմենիայի,  Ղազախստանի, Ղրղզստանի ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության, Ֆրանսիայի CNRS կենտրոնի, Ֆրանսիայի 9 գիտակրթական հաստատությունների,  Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի, Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի քաղաքային համալսարանի, Գերմանիայի Մաքս Պլանկ ընկերության հետ: ՀՀ ԳԱԱ-ն «Գիտական միջազգային խորհրդի» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիայի» (ALLEA) անդամ է: Երկարատև համագործակցության արդյունքում համատեղ գիտական լաբորատորիաներ ստեղծվեցին Ֆիզիկական հետազոտությունների, Երկրաբանական, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների հետ: Ակադեմիան ակտիվ մասնակցում է «Հորիզոն 2020»  ծրագրին, որտեղ նախագծերի մեծ մասն իրականացվում է  ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների կողմից:
   ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
  • բնական գիտությունների բաժանմունք,
  • քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք,
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:  

   Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 3800-ից ավելին է, այդ թվում մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս, 56 թղթակից անդամ, 4 պատվավոր անդամ, 133 արտասահմանյան անդամ և 40 պատվավոր դոկտոր:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
   15.10.2018թ.