Новости
27/06/2018
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՉԺՀ Ճարտարագիտության ակադեմիան ստորագրեցին համագործակցության հուշագիր

   Սույն թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ճարտարագիտության ակադեմիան ստորագրեցին ճարտարագիտության  և տեխնիկական գիտությունների ոլորտներում  համագործակցության  հուշագիր:
   Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՉԺՀ ճարտարագիտության ակադեմիայի գործադիր փոխնախագահ Պան Յունհեն:

    20180627_body2.jpg
   «Մենք շատ բարձր ենք գնահատում չինական գիտական կազմակերպությունների հետ մեր համագործակցությունը: Հայ-չինական հարաբերությունները մեծ պատմություն ունեն: Հին պատմական փաստաթղթերում կարելի է գտնել հիշատակումներ չինական կազմակերպությունների հետ հատկապես առևտրային կապերի մասին: Առաջին հերթին դա վերաբերում է Մետաքսի ճանապարհին: Անցած տարի մեր ակադեմիայի պատվիրակությունը մասնակցեց Չինաստանում Մետաքսի ճանապարհին նվիրված մեծ գիտաժողովի: Եվ մենք այլ երկրների հետ միասին ստորագրեցինք համաձայնագիր հետագա համագործակցության մասին: Երեկ Չինաստանում ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի և Չինաստանի համապատասխան մարմինների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին: Ես կարծում եմ, որ մենք այսօր կշարունակենք այդ լավ ավանդույթը և կջանանք, որ այդ հարաբերությունները լրացվեն բովանդակությամբ, հստակ նպատակներով, ծրագրերով, որոնք կնպաստեն մեր երկրների գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացմանը»,- իր ելույթում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` նշելով, որ 2017թ-ին ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել նաև Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ:

20180627_body.jpg
   «Հայ-չինական հարաբերությունները երկարամյա պատմություն ունեն դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակներից, երբ երկու երկրների միջև առևտրային կապեր կային: Չինաստանն այս նոր դարաշրջանում նոր տեխնոլոգիաների հիման վրա մտադիր է առաջ մղել Մետաքսի ճանապարհի զարգացումը: Եթե նախկինում Չինաստանի տնտեսության շարժիչները ներդրումներն էին, ապա վերջին 10 տարում ինովացիաներն են: Այսօր ոչ միայն մասնագետներն են ուշադրություն դարձնում տեխնոլոգիաների զարգացմանը, այլև կառավարությունը, ձեռնարկությունները` զարգացման գործընթացն արագացնելու համար: Չինաստանի ճարտարագիտության ակադեմիան Չինաստանի ամենահեղինակավոր ուղեղային կենտրոնն է, որը տեխնոլոգիաների զարգացման ոլորտի վերաբերյալ իր խորհուրդներն է ներկայացնում բարձր ղեկավարության համար: Ներկայումս մեր գործունեության առաջնահերթային ուղղություններից է Մետաքսի ճանապարհի երկրների հետ համագործակցության խորացումը»,- իր ելույթում ասաց ՉԺՀ ճարտարագիտության ակադեմիայի գործադիր փոխնախագահ Պան Յունհեն:
   Հանդիպմանը չինացի և հայ մասնագետները հանդես եկան ինովացիոն տեխնոլոգիաների վերաբերյալ զեկուցումներով: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համագործակցության ձևերին:
   Հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է տեղեկատվության փոխանակում, համատեղ հետազոտական աշխատանքներ, ուսումնական ծրագրեր:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.06.2018թ.