Новости
12/06/2018
Ֆրանսիական կողմը ԳԱԱ-ին սուպերհամակարգիչ կնվիրի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այս համագործակցության մանրամասները քննարկել է Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեյի, նույն իստիտուտի ներկայացուցիչ Պիեր Հենրի Քրոսի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանի հետ։

Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է թվային օրակարգի ակտիվ իրագործմանը։ Նա նշել է, որ չնայած ներկայում կառավարման որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացվել են, կառավարման մի շարք օղակներ էլեկտրոնային են, բայց հավաքագրվող տվյալները ապակենտրոնացված են։ Հակոբ Արշակյանն ասել է, որ նպատակ կա կենտրոնացնելու «big data»-ի (մեծ տվյալների)-ի մշակումը և ստեղծելու էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ։

20180607_a2.jpg
Կողմերը նշել են, որ սուպերհամակարգիչը հնարավորություն կստեղծի լուծելու տվյալների պահպանման անվտանգության հարցը, ինչպես նաև կնպաստի տնտեսական, գիտական, սոցիալական խնդիրների լուծմանը։
Համակարգի առկայությունը կարևոր է, մասնավորապես, բնական աղետների, կլիմայի փոփոխության և եղանակի կանխատեսման, առողջապահական, շրջակա միջավայրի պահպանման, հանցագործությունների բացահայտման, գյուղատնտեսական խնդիրների լուծման համար: 

Բոլոր այս ոլորտներում հավաքագրվող տվյալները կարճ ժամանակահատվածում մշակելով, վերլուծելով և համադրելով՝ հնարավորություն կստեղծվի մեծ խնդիրները լուծել փոքր ժամանակահատվածում։
Բացի այդ, նոր սուպեր համակարգիչը կլինի ամենահզորը մեր տարածաշրջանում։

Հյուրերը նաև նշել են, որ ամուր համագործակցություն կա Թուլուզի համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև։ Ներկայում Ֆրանսիական համալսարանի մի շարք մագիստրոսներ ու ասպիրանտներ Թուլուզի համալսարանում են իրենց ուսումնառությունը շարունակում։ Իսկ այս տարվանից արդեն ներդրվել է բակալավրիական ծրագիր բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ, որի շրջանավարտները կստանան ոչ միայն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, այլև Թուլուզի համալսարանի դիպլոմ։

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում հյուրերը կարևորել են այս տարի Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունն այդ միջոցառումներին։

Ֆրանսիացի պրոֆեսորները նաև հրավիրել են Հակոբ Արշակյանին Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Սկզբնաղբյուրի հղում