Новости
08/06/2018
Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաները համագործակցության նոր համաձայանգիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը գիտատեխնիկական համագործակցության զարգացման նոր համաձայնագիր ստորագրեցին Մոսկվայում` մայիսի 29-ին: Համաձայնագիրը միտված է` նպաստելու երկու երկրների  գիտական հետազոտությունների հետագա զարգացմանը, ակադեմիական համայնքների ավանդական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:

Կողմերը գիտական և տեխնիկական համագործակցություն կիրականացնեն գիտության հետևյալ ճյուղերում.

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
  • ֆիզիկա և աստղաֆիզիկա
  • բնական գիտություններ
  • քիմիական և կենսաբանական գիտություններ
  • հումանիտար գիտություններ

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դերը Հայաստանում գիտության զարգացման գործում: Մեր  գրեթե բոլոր ինստիտուտները համագործակցում են Ռուսաստանի ակադեմիայի ինստիտուտների հետ: Բացի այդ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ մենք համագործակցում ենք Միջպետական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում»,- հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: 

20180608_2.jpg
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը նշեց, որ  շատ բարձր են գնահատում Հայաստանի գիտությունը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է բոլոր ուղղություններով, այդ թվում` գիտության:Հանդիպման ժամանակ Ռադիկ Մարտիրոսյանը բարձրացրեց կադրերի պատրաստման հարցը և առաջարկեց ՌԴ ԳԱ ապագա խոշոր գիտահետազոտական ծրագրերում ընդգրկել նաև հայ հետազոտողների: ՌԴ ԳԱ նախագահը խոստացավ աջակցել բարձրացված հարցերի կարգավորման գործում:

20180608_1.jpg
Մոսկվայում Ռադիկ Մարտիրոսյանն այցելեց ՌԴ ԳԱ Ընդհանուր ֆիզիկայի և Տիեզերական հետազոտությունների ինստիտուտներ, որոնք Հայաստանում համագործակցում են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ, և ինստիտուտների տնօրինությունների հետ քննարկեց համագործակցության հարցեր:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
08.06.2018թ.