Новости
27/04/2018
Վաստակաշատ գիտնականը, կրթության հմուտ կազմակերպիչը: Ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 80-ամյակը

   Լրացավ ճանաչված դեղաբան, մանկավարժ և հասարակական գործիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի երկարամյա նախկին ռեկտոր,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 80-ամյակը:
   Վիլեն Հակոբյանի գործունեության մեջ ցայտունորեն առանձնանում են մի շարք հիմնական կոչումներ՝ գիտնական, ուսուցիչ, բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ և հասարակական գործիչ:
   Վ.Պ. Հակոբյանը ծնվել է 1938թ.-ի մայիսի 1-ին, Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1960թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արթիկի շրջանում՝ որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ: 1967թ.-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977թ.-ին՝ դոկտորական թեզերը:
   Վ.Պ.Հակոբյանը բարեխղճորեն աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնավարչական գրեթե բոլոր օղակներում՝ ավագ լաբորանտից հասնելով ամբիոնի վարիչի, ռեկտորի պատասխանատու և պատվաբեր պաշտոններին:
   1987թ.-ին ընտրվելով Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Վ.Պ. Հակոբյանը 19 տարի շարունակ դրսևորել է կազմակերպչի և նորարարի մեծ հմտություն: Հիշենք թեկուզ անցումային շրջանի 1991-1994 թվականները, տնտեսական ու  էներգետիկ ճգնաժամը: Սակայն այդ պայմաններում Երևանի պետական բժշկական համալսարանը հանրապետության միակ բուհն էր, որը կարողացավ ունենալ անխափան էլեկտրաէներգիա և ջեռուցում, և ոչ միայն ապահովեց իր աշխատանքի բնականոն գործընթացը, այլ նաև նկատելիորեն վերընթաց ապրեց:
   Հիրավի, նրա անդուլ և հետևողական աշխատանքների շնորհիվ մեծացավ ու խորացավ Երևանի պետական բժշկական համալսարանի միջազգային ճանաչումը: Անուրանալի են նրա ծառայությունները արտասահմանյան ուսանողների ներգրավման, անգլալեզու ուսուցման համակարգ ստեղծելու, սեփական համալսարանական կլինիկական հիվանդանոցներ և հանրակացարաններ ունենալու գործում:
   Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի հետևողական գործունեության շնորհիվ 1991թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտը վերանվանվեց մեծն բժշկապետ Մխիթար Հերացու անվամբ, իսկ 1995թ.-ին ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի:
   Ճանաչված գիտնականն իր ներդրումն է կատարել տեղական և միջազգային մի շարք հանդեսների աշխատանքներում: Բավական է նշել, որ Վ.Պ. Հակոբյանը երկար տարիներ (1989-2007թթ.) խմբագրել է ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսը: Գիտնականի և կազմակերպչի նրա վաստակը գնահատվել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերակցությունների անդամ ընտրվելով:
   Վ.Պ. Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 300 աշխատություներում (որոնց զգալի մասը հրատարակվել է միջազգային գիտական հանդեսներում): Նա հեղինակ է 6 մենագրությունների (որոնցից 2-ը հրատարակվել է արտասահմանում՝ Մոսկվայում և Աթենքում), 11 ուսումնամեթոդական ձեռնարկների, 3 ֆարմակոլոգիայի դասագրքերի: Իր գործընկերների հետ ստեղծած այդ ուսումնական ձեռնարկները ֆարմակոլոգիայի հայերեն լեզվով առաջին բուհական դասագրքերն են Հայաստանում: Վ. Պ. Հակոբյանն ստացել է 24 հեղինակային արտոնագիր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 5 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություններ:
   Նա բազմիցս հրավիրվել է աշխարհի տարբեր երկրներ և զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում:
   Վ.Պ. Հակոբյանն իր գիտական աշխատանքներն սկսել է տակավին ուսանողական տարիներին, տասնամյակներ շարունակ զբաղվել է կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության ուսումնասիրության հարցերով:
Գիտական հետազոտությունների նոր ուղղություն դարձան նրա առաջադրած սակավաշարժության և ֆիզիկական ակտիվության պայմաններում ուղեղային արյան շրջանառության կարգավորման մեխանիզմներին ուղղված աշխատանքները: Նա հաջողությամբ զարգացրել է ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական տեսությունը:
20180427_body.jpg
   Վ.Պ. Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է մեր նորանկախ հանրապետության ստեղծման ու կայացման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման արդար պայքարին, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը:
   Պատշաճ ձևով գնահատելով մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ և մարտունակ բանակ ունենալու և այն բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարևորությունը՝ Վ.Պ. Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1994թ.-ին Երևանի պետական բժշկական համալսարանում հիմնադրվեց և մինչ օրս հաջողությամբ գործում է Ռազմաբժշկական ֆակուլտետը:
   Հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի համար ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանն արժանացել է բժշկական ծառայության գնդապետի կոչմանը, ինչպես նաև «Դրաստամատ Կանայանի», «Գարեգին Նժդեհի», «Սպարապետ Վ. Սարգսյանի» և ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալներով:
   Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանը պարգևատրվել է նաև հանրապետության մի շարք բարձրագույն պարգևներով, ներառյալ «Մխիթար Հերացու» մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին, գիտության վաստակավոր գործչի կոչմանը:
   Իր բազմաբնույթ գործունեության մեջ Վ.Պ. Հակոբյանը միաժամանակ ծավալել է հասարակական բուռն գործունեություն, որի շնորհիվ արժանացել է ‹‹Երևանի պատվավոր քաղաքացի›› կոչմանը, ինչպես նաև պարգևատրվել է բազմաթիվ հուշամեդալներով և շնորհակալագրերով:
   Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձր գնահատելով Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Վ. Պ. Հակոբյանի ազգանվեր աշխատանքը, նրան պարգևատրեց  ‹‹Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ›› բարձրագույն և ‹‹Սուրբ Ներսես Մեծ›› շքանշաններով:
   Նա արժանացել է նաև ‹‹Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի›› Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագրին:
   Բժշկագիտության և մարդասիրության բնագավառում, ինչպես նաև հասարակական գործունեության մեջ իր արժանի ծառայությունների արդյունքում Վ. Պ. Հակոբյանը պարգևատրվել է Ալբերտ Շվեյցերի և Վերանդսկու անվան ‹‹Ոսկե աստղ›› բարձրագույն պարգևներով, Ֆ. Նանսենի անվան ոսկե հուշամեդալով և այլն:
   Ներկայումս Վ. Պ. Հակոբյանն իր կուտակած փորձն ու հմտությունը ներդնում  է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպություններում:
   Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի բազմաթիվ աշակերտներն ու հետևորդները, հանրապետության և արտերկրի բժշկական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են  Վ.Պ. Հակոբյանին, զգացել են նրա հոգատար, սրտացավ վերաբերմունքը, իրենց երախտագւտության և հարգանքի տուրքն են մատուցում անխոնջ մանկավարժին և հայրենասեր քաղաքացուն, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է իր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու պատվավոր գործին:

   ՀՀ ԳԱԱ Նախագահություն