Новости
27/03/2018
ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնները, Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության, Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների,   Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտները:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 8 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:
   Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունները տպագրել են 379 հոդված, այդ թվում` 196-ը արտասահմանյան ամսագրերում, 151 թեզիս, այդ թվում 81-ը` արտասահմանյան գիտաժողովների նյութերում, 4 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկ, ստացել են 3 արտոնագիր:
   Անցկացվել է հանրապետական և միջազգային 15 միջոցառում:
   Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:

20180327_n1.jpg

   Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Խխունջային ներպատվաստման ժամանակակից հեռանկարները», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Գեորգի Տավարտկիլաձե (Վրաստան)
  • «Տեղեկատվական-հեռահաղորդական տեխնոլոգիաների դերը բժշկա-հասարակական օգնության որակի բարելավման գործում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյան (ՌԴ)
  • «Բնական թույների կենսաբանական էֆեկտները և կիրառությունը», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Ն. Այվազյան 
  • «Բնական միացությունները որպես դեղամիջոց խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարում», զեկուցող՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Հ. Զաքարյան
  • «Հեռազննման տեխնոլոգիաների դերը լեռնային էկոհամակարգերի տարածաժամանակային հետազոտություններում՝ կլիմայի փոփոխության համատեքստում», զեկուցող` աշխարհագրական գիտությունների թեկնածու Վ. Մուրադյան:

    Կարևորագույն գիտական արդյունքներ
    Բուսաբանության ինստիտուտ

  • Ավարտված են «Հայաստանի անոթավոր բույսերի որոշիչ»-ի անգլերեն և ռուսերեն տարբերակների մշակումները: «Հայաստանի ֆլորա» բազմահատորյակում ներկայացված 3200 տեսակի փոխարեն որոշիչում  բերվում  է  շուրջ  3800 տեսակ:
  • Ամփոփվել են ինստիտուտի Հերբարիումում (ERE) ներկայացված Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված 54 էնդեմիկ տեսակների վերաբերյալ Տվյալների Բազայի ստեղծման աշխատանքները:
  • Պեղվել են Սևանի ավազանի Ծովինար գյուղի շրջակայքի հոլոցենյան տորֆային նստվածքները և հայտնաբերվել մի շարք տեսակներ՝ հիմնված բրածո ծաղկափոշու և բույսերի մակրոմնացորդների վրա:

    ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

  • Գնահատվել է Երևան քաղաքում հացահատիկի սպառման արդյունքում աֆլատոքսին B1-ի առողջական ռիսկը: Բացահայտվել է, որ  աֆլատոքսին Բ1-ի քաղցկեղածին ռիսկը 1,5 անգամ գերազանցում է թունաբանական շեմը:
  • SPOT և AVHRR արբանյակային նկարների տարածաժամանակային շարքի վերծանմամբ  ուսումնասիրվել է Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի էկոհամակարգերի դինամիկան՝ 1982-2014թթ.` կլիմայի փոփոխության պայմաններում:
  • «Լեռնային տարածքների գյուղատնտեսական մշակաբույսերի ծանր մետաղներով աղտոտման գնահատման հեռազննման մեթոդի մշակում» թեմայի շրջանակում կատարվել է Քաջարան քաղաքի տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի և նույն տարածքի հողերի համակցված նմուշարկում: Ստեղծվել է բույսերում և հողերում ծանր մետաղների պարունակությունների տվյալների բազա և իրականացվել վիճակագրական վերլուծություն:
  • Գնահատվել է հանքալեռնային արդյունաբերության ազդեցությունը Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքների խմելու ջրի որակի վրա: Սպառողներին մատակարարվող ջրում ծանր մետաղների կոնցենտրացիաները համապատասխանում են խմելու ջրի ազգային և միջազգային սանիտարական նորմերի պահանջներին:

    «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

  • Lactobacillus helveticus B-9602 կաթնաթթվային բակտերիայի կիրառմամբ շարունակվել է ավանդական «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը: Միաժամանակ կազմակերպվել են ծիրանի, դեղձի և սև թթի բնական օշարակների հավելումներով մրգային, ինչպես նաև փոշենման «Նարինե»-ի արտադրություններ:
  • Սինթեզվել են ացետիլենային կապեր պարունակող օպտիկապես մաքուր (S)-α-ամինաթթուներ: Ստացվել են ելային ամինաթթվային սինտոններ, որոնք հետագայում հետազոտվել են Գլայզերի հետերոհամակցման ռեակցիայում: Որոշվել և բնութագրվել է ստացված էնանտիոմերապես հարուստ ամինաթթուների կառուցվածքը և բացարձակ կոնֆիգուրացիան:
  • Մեկուսացվել են կաթնաթթվային բակտերիաների նոր տեսակներ, որոնք օժտված են բարձր հակամանրէային հատկությամբ՝ հիվանդածին բորբոսասնկերի և բակտերիաների նկատմամբ:
  • Մշակվել է լիզինի ռացեմատից D-լիզինի ստացման կենսաբանական եղանակ:
  • Ցույց է տրվել, որ Կավարտի լքված հանքավայրում (Սյունիքի մարզ) ընթանում են ակտիվ օքսիդացման գործընթացներ՝ թթվային դրենաժների առաջացում, որոնք մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Բացահայտվել է կապ այդ գործընթացների ինտենսիվության և մանրէների ընդհանուր թվաքանակի ու տեսակային կազմի միջև:

   20180327_n2.jpg

    Կենդանաբանության և հիդրոէկոլոզիայի գիտական կենտրոն

  • Բացահայտվել է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման պայմաններում նրա էկոհամակարգում  շարունակվել են դրական գործընթացները:
  • Գրանցվել է  ձկնային պաշարների որոշակի աճ: Ընդհանուր ձկնային պաշարը լճում կազմել է 2280տ, որից սիգ ձկնատեսակի մասնաբաժինը կազմել է մոտ 97%, իսկ նրա արդյունագործական պաշարը եղել է ընդամենը 554 տ: Անկառավարելի որսի արդյունքում արդյունագործական պաշարի համարժեք վերականգնում տեղի չի ունեցել:
  • Ցույց է տրվել, որ նախորդ տարվա համեմատ լճում կտրուկ կրճատվել են երկարաչանչ խեցգետնի արդյունագործական պաշարները՝ 4500տ-ից նվազելով մինչև 2600տ: Մշակվել և ՀՀ բնապահպանության նախարարությանն են ներկայացվել  խեցգետնային պաշարների արդյունավետ կառավարման և որսագործիքների վերանայման առաջարկներ:
  • Մշակվել են ոչխարների և այծերի մակաբույծների դեմ պայքարի առաջարկություններ Հայաստանի պայմաններում:
  • Միջատների բազմազանության ուսումնասիրության և գնահատման արդյունքում նկարագրվել է գիտության համար 4 նոր տեսակ, 9 տեսակ առաջին անգամ է գրանցվել Հայաստանի ֆաունայի, 1 տեսակ՝ Գեղարքունիքի մարզի համար: Առաջին անգամ նկարագրվել են 5 տեսակի բզեզների կարիոտիպերը:

    Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

  • Իրականացվել է ալեհեր մարիամախոտի (Teucrium polium L.) ստանդարտավորում` ըստ ապիգենինի, որի համաձայն` հիդրոպոնիկ և վայրի չոր բուսահումքում ֆլավոնոիդների հանրագումարը գրեթե միատեսակ է:
  • Վիրգինյան գիհու (Juniperus virginiana L.) 13-15 սմ բարձրությամբ և 1-1.5 մմ բնի տրամագծով բուսակները, հրաբխային խարամ լցանյութում տնկարկելիս, ապահովել են 100% կպչողականություն: Պարզվել է, որ Դիլիջանի անտառային գոտում հնարավոր է 4-5 տարում 1 քմ հիդրոպոնիկումից ստանալ մշտադալար, թանկարժեք տոսախի (Buxus L.) 45-50 հատ բարձր որակի տնկիներ:
  • Առաջին անգամ նախագծվել և փորձարկվել է բույսերի հիդրոպոնիկ մշակման ուղղաձիգ աշտարակային մոդուլ, որտեղ աճեցվել են ելակի 3 բազմաբերք սորտեր՝ Ալբիոն, Մոնթերեյ և Սուիթ Իվ:
  • Հյուսվածքային մշակույթի լաբորատորիայում պահպանվել է բույսերի in vitro հավաքածուն. մեխակ՝ 17 սորտ, կարտոֆիլ՝ 14 սորտ, դեղատու ծնեբեկ, փետրաձև կալանխոե  և այլն:

    Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

  • Բացահայտվել է, որ հնագույն նմուշների մայրագծային գենետիկական կազմը առավել նման է ժամանակակից հայերին, ինչը վկայում է գենետիկական շարունակականության մասին:
  • Լայնագենոմային գենատիպավորման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հայկական պոպուլյացիային բնորոշ է հակափսիխոտիկ դեղամիջոցների ազդեցության արդյունավետությունը փոփոխող գենետիկական պոլիմորֆիզմների բարձր հաճախականություն:
  • Խոզերի աֆրիկյան ժանտախտի սուր ձևի ախտածնության մեխանիզմների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրան բնորոշ է հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզի համախտանիշը, որի չափանիշները խոզերի մոտ նկարագրվել են առաջին անգամ:

    Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ

  • Մեզենքիմային ցողունային բջիջներից փոխպատվաստման համար ֆունկցիոնալ մաշկային հյուսվածքի ստացում /աճեցում:
  • Գյուրզա և այլ էնդեմիկ օձերի թույնի դեմ հակաթույնի արտադրություն և հարակից պրոդուկտների մշակում: Ներկայումս Հայաստանում առկա է միայն մեկ կոմերցիոն պրոդուկտ, որը Ուզբեկստանի արտադրանքի պոլիվալենտ հակաթույնն է: Սակայն այն նախատեսված է միջինասիական գյուրզայի խայթոցի դեմ և պարունակում է նաև կոբրայի և էֆայի թույնի հակամարմիններ, ինչը հաճախ ծայրահեղ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառ է հանդիսանում:
  • Մշակվել են ծրագրեր՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ ազդանշանների վերլուծության և համակարգչային պոլիգրաֆի համար, ինչպես նաև 4–ւղղային   էնցեֆալոգրաֆ  և եռուղի Հոլտեր տիպի կարդիոգրաֆ։
  • Մշակվել են SFCO  գերզգայուն ակուստիկ փոխարկիչներ՝ տրեմորի գրանցման և վերծանման համար նորմայում  և տարբեր ախտահարումների դեպքում:

   Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

  • Սինթեզվել է PRP (գալարմին) և հետազոտվել է դրա ածանցյալների ազդեցությունը նեյրոդեգեներատիվ, վտանգավոր հիվանդությունների և քաղցկեղի ընթացքի ու  հնարավոր կանխարգելման նպատակով:
  • Ստացվել են մետաղա-պորֆիրինների և ցեոլիտների նանոկոմպոզիտներ, քաղցկեղի բջիջների և միկրոօրգանիզմների ֆոտոդինամիկ ոչնչացման նպատակով:
  • Ստացվել են կիտեր դիպեպտիդիլ պեպտիդազ IV-ի և ադենոզին-դեամինազի ակտիվության որոշման համար:
  • Մշակվել է Helicobacter pylori-ի էքսպրես ախտորոշման մեթոդը 90-95% հավաստիությամբ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.03.2018թ.