Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելեց ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ` ծանոթանալու ինստիտուտում Fulbright ծրագրի շրջանակներում անցկացվող հյուսվածքային ինժեներիայի գծով պրակտիկ դասընթացի ընթացքին: Երիտասարդ գիտնականները ԱՄՆ դեսպանին ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունները` ուղղված փոխպատվաստման համար արհեստական հյուսվածքների պատրաստմանը:
Դասընթացն անցկացնում է Ջորջ Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը, ով իր հետ բերել է ժամանակակից սարքավորումներ ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի համար:
«Այս ծրագիրը եզակի հնարավորություն է մեր գիտական համայնքի երիտասարդ գիտնականների համար, կիրառելով առավել ժամանակակից մոտեցումները, ստեղծել վերականգնողական բժշկագիտության արդիական ուղղություն հանդիսացող արհեստական հյուսվածքների նախատիպեր: Սա առաջին դեպքն է, երբ Fulbright ծրագրի դասընթացի հյուրընկալող կողմ հանդիսանում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտը: Մեզ համար մեծ պատիվ է լինել այս դաընթացի հյուրընկալող կողմ և գործնականորեն ցույց տալ երիտասարդներին, որ Հայաստանում ևս հնարավոր է իրականացնել բարձրորակ, համաշխարհային մակարդակի գիտական աշխատանքներ, որոնք կարող են միանգմից կիրառելի դառնալ բժշկագիտության բնագավառում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:
Հայաստանում Ամերիկայի դեպանատան հովանու ներքո Fulbright ծրագրի դասընթացին մասնակցում են երիտասարդ գիտնականներ Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երից և գիտական կազմակերպություններից:
Դեկտեմբերի 21-ին` ժամը 15:00-ին, Fulbright ծրագրի շրջանավարտները կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքները ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինսիտուտում: Մուտքն ազատ է:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.12.2017թ.