ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Ալեքսանի Ավետիսյանը (1927–2004) հայաստանյան և արտասահմանյան գիտական շրջանակներում հայտնի է ոչ միայն որպես ականավոր պատմաբան, այլև` գիտության հմուտ կազմակերպիչ, Մարդ և Քաղաքացի:
Հր. Ավետիսյանը ծնվել է 1927թ. մարտի 10-ին, Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր) քաղաքում: 1944թ. ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը: 1949թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո Հր. Ավետիսյանը հինգ տարի աշխատել է կոմերիտական և կուսակցական ղեկավար կառույցներում (եղել է Հայաստանի կոմերիտմիության Երևանի քաղկոմի հրահանգիչ, Ս. Կիրովի անվան գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար, Ստալինյան շրջանի քարտուղար, ՀԿԿ Երևանի քաղկոմի հրահանգիչ):
1954-ից Հր. Ավետիսյանի հիմնական աշխատավայրը դարձել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան: Սկզբում տարբեր պաշտոններ է վարել ԳԱ նախագահության համակարգում` կադրերի և ասպիրանտուրայի բաժնի պետ, գիտական-քարտուղար, գիտահետազոտական հիմնարկների և բուհերի գիտական գործունեության կոորդինացիոն խորհրդի նախագահի տեղակալ, գիտական կադրերի պատրաստման խորհրդի նախագահ, գլխավոր գիտական-քարտուղարի տեղակալ` իրեն դրսևորելով որպես գիտության հմուտ կազմակերպիչ:
Այդ տարիներին Հր. Ավետիսյանն իր բազմակողմանի գիտակազմակերպչական գործունեությունը հաջողությամբ համատեղել է գիտահետազոտական աշխատանքի հետ: 1960թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
«Հայաստանի կոմերիտմիությունը սոցիալիստական ինդուստրացման համար պայքարում (1926–1932թթ.)» (ռուսերեն) թեմայով, իսկ 1966թ.` դոկտորական ատենախոսություն «Անդրկովկասի կոմերիտմիությունը խորհրդային իշխանության հաղթանակի և Կոմունիստական կուսակցության քաղաքականության իրագործման համար պայքարում սոցիալիստական շինարարության առաջին տարիներին (1917–1925)» (ռուսերեն) թեմայով: 1969թ. Հր. Ավետիսյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1979թ. փետրվարին Հր. Ավետիսյանը ստանձնել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնը և անընդմեջ պաշտոնավարման 23 տարիների ընթացքում կատարել է ծանրակշիռ աշխատանք: Այդ ժամանակահատվածում նրա գործադրած անդուլ ջանքերի շնորհիվ ինստիտուտն ապրեց ստեղծագործական խաղաղ կյանքով, համալրվեց երիտասարդ կադրերով, հրատարակվեցին բազմաթիվ ուսումնասիրություններ: Ինստիտուտի կոլեկտիվն ակնառու ներդրում ունեցավ Հայոց պատմության դպրոցական դասագրքերի ստեղծման գործում:
Հր. Ավետիսյանը եղել է ինստիտուտի գիտական և գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների նախագահը, ԵՊՀ և ՀԿԿ Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ու այլ գիտական խորհուրդների, ինչպես նաև խմբագրական տարբեր կոլեգիաների անդամ («Լրաբեր հասարակական գիտությունների» և «Պատմաբանասիրական հանդես» պարբերականների, Թբիլիսիում տպագրվող «Կովկասագիտություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհուրդների, «Հայկական սովետական հանրագիտարանի» գիտահրատարակչական խորհրդի ու Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, ԳԱ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ):
Հր. Ավետիսյանը ակնառու մասնակցություն է ունեցել միութենական նշանակության մի շարք աշխատությունների ստեղծման գործում, այդ թվում արժանահիշատակ է «Լենինյան կոմերիտմիության փառապանծ ուղին: ՀամԼԿԵՄ պատմություն» («Славный путь Ленинского комсомола: История ВЛКСМ», Москва, 1978) ուսումնասիրությունը: Բացի այդ, հանրապետական ու համամիութենական պաշտոնական պատվիրակությունների և հատուկ տուրիստական խմբերի կազմում գործուղումների է մեկնել ԱՄՆ, Հունգարիա, Լեհաստան, ԳԴՀ, Բուլղարիա, Ռումինիա, Շվեյցարիա, Չեխոսլովակիա, Իտալիա, Ֆրանսիա, Մարոկկո, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Եգիպտոս, Իսպանիա, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան: Զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Կրայովում, Սոֆիայում, Թուրինում, Վարշավայում, Բուխարեստում, Բուդապեշտում, Վաշինգտոնում անցկացված միութենական և միջազգային գիտական կոնֆերանսներում, նստաշրջաններում, ինչպես նաև գիտական հետազոտություններ կատարել տեղի արխիվներում:
1986թ. Հր. Ավետիսյանն ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.` ԳԱԱ ակադեմիկոս:
2002-ին Հր. Ավետիսյանն ընտրվել է ԳԱԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, իսկ 2004թ.` այդ պարտականություններից ազատվելուց հետո, ԳԱԱ պրեզիդենտ Ֆ. Սարգսյանի հրամանով նշանակվել է Պամության ինստիտուտի պատվավոր տնօրեն:
Վարչական և գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ Հր. Ավետիսյանն իր մասնագիտական փորձն ու հմտությունները փոխանցել է Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կադրերին` նպաստելով մատաղ սերնդի ազգային կրթության ու դաստիարակության ընթացիկ խնդիրների լուծմանը, կրթության բովանդակության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու միջոցների կատարելագործմանը: Ավելին, տասնյակ տարիներ կատարել է մանկավարժական եռանդուն աշխատանք Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում և հանրապետության առաջին մասնավոր բուհերից մեկում` «Հրաչյա Աճառյան» համալսարանում` ուսանողներին հաղորդակից դարձնելով Պատմության ակադեմիական ինստիտուտի գիտական գործունեությանը և ձեռքբերումներին հայոց պատմության նոր ու նորագույն ժամանակաշրջանների հիմնախնդիրների ուսումնասիրման ուղղությամբ:
Հր. Ավետիսյանն իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև հանրապետության երիտասարդ պատմաբանների կայացման ու պատմաբան կադրերի սերնդափոխության ապահովման գործին` ղեկավարելով ասպիրանտների ու հայցորդների ընթացքը դեպի հասուն գիտություն, կարելվույն չափ հոգալով անգամ նրանց կեցության, աշխատանքային ու կենցաղային խնդիրների մասին: Ինքս էլ մեկն եմ Հր. Ավետիսյանի ասպիրանտներից, ով վաստակաշատ պատմաբանին համարում է իր ուսուցիչը, բարձր գնահատում նրա հոգատար վերաբերմունքն ուսանողների, ինչպես նաև հայոց պատմությունն իրենց մասնագիտությունը դարձրած, գիտության ոլորտում առաջին քայլերն անող ասպիրանտների ու հայցորդների նկատմամբ:
Հր. Ավետիսյանը եղել է 5 դոկտորական ատենախոսության գիտական խորհրդատու և 12 թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավար:
Գիտակազմակերպչական ու գիտահետազոտական արդյունավետ գործունեության համար Հր. Ավետիսյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով, համամիութենական «Գիտելիք» ընկերության «Ակտիվ աշխատանքի համար» կրծքանշանով: Արժանացել է նաև ՀամԼԿԵՄ բարձրագույն պարգևին` Պատվո նշանին, դարձել Հայաստանի ու միութենական Լենինյան կոմերիտմիության դափնեկիր: «Հայաստան» հիմնադրամը ևս նրան շնորհել է դափնեկրի կոչում:
Հր. Ավետիսյանի գիտահետազոտական գործունեությունն ու կազմակերպչական հմտությունները բարձր են գնահատվել նաև արտերկրում: Դրա վկայությունն են նրա ընտրվելը Վենետիկի «Պո-Արաքս» (Իտալիա-Հայաստան) գիտամշակութային ընկերության պատվավոր անդամ, ինչպես նաև անդամակցությունը ԽՍՀՄ պատմաբանների ազգային կոմիտեի բյուրոյին, Փարիզի «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիային:
Հր. Ավետիսյանը մահացել է 2004թ. հոկտեմբերի 9-ին:
Ակադեմիկոս Հր. Ավետիսյանը թողել է մնայուն գիտահետազոտական ժառանգություն` նվիրված XX դարասկզբի Այսրկովկասում ծավալված երիտասարդական ու հասարակական-քաղաքական շարժումներին և հայ ժողովրդի նորագույն պատմության բազմածալ հիմնահարցերին` հայոց ազգային բանակի ու Հայաստանի առաջին հանրապետության ծնունդին, 1920թ. Մայիսյան ապստամբությանը, Ղարաբաղի բռնակցմանը Ադրբեջանին և այլն: Նա գրել է 16 մենագրություն ու ձեռնարկ, 100-ից ավելի գիտական հոդված, ունի նաև անավարտ մնացած մի քանի աշխատություն: Պատմաբանն իր աշխատություններում գիտական շրջանառության մեջ է դրել մեծ քանակությամբ արխիվային վավերագրեր, մոռացումից փրկել ու ընթերցող լայն հասարակությանը ծանոթացրել է բազմաթիվ հայ հայրենանվեր գործիչների գործունեության մանրամասներին, լուսաբանել է մեր ազգային պատմության մի շարք կնճռոտ հիմնահարցեր:
Հր. Ավետիսյանը ակնառու ներդրում ունի Հայաստանի և Անդրկովկասի լենինյան կոմերիտմիության, երիտասարդական հեղափոխական շարժումների պատմության, պրոլետարական ինտերնացիոնալիզմի և սոցիալիստական շինարարության առանցքային հիմնախնդիրների ուսումնասիրման ասպարեզում: Այդ տեսանկյունից արժանահիշատակ են նրա «Հայաստանի կոմերիտմիությունը սոցիալիստական ինդուստրացման համար մղվող պայքարում (1926–1932)» (1959), «Անդրկովկասի կոմերիտմիությունը Խորհրդային իշխանության հաղթանակի և ամրապնդման համար պայքարում. 1917–1921» (“Комсомол Закавказья в борьбе за победу и упрочение Советской власти. 1917–1921”, 1964) հիմնարար աշխատությունները: Միջազգային հեղափոխական շարժման ակնառու դեմքերից մեկի` Րաֆֆի Խիտարովի կյանքի ու գործունեության համակողմանի լուսաբանմանն է նվիրված Հր. Ավետիսյանի «Րաֆֆի Խիտարով: Երիտասարդության Կոմինտերնի գործկոմի գլխավոր քարտուղարի կյանքի և գործունեության մասին» (1966, ռուսերեն հրատ.-ը` 1971) ուսումնասիրությունը, իսկ «Մայիսյան ապստամբությունը Կոմինտերնի նյութերում» (1981) աշխատության մեջ 1920թ. Հայաստանում տեղի ունեցած Մայիսյան հեղափոխությունը ներկայացված է Կոմունիստական ինտերնացիոնալի նորահայտ արխիվային վավերագրերի հիման վրա և միջազգային հեղափոխական շարժման լույսի ներքո:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման ծավալումը և Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը վճռորոշ ազդեցություն ունեցան հայտնի պատմաբանի գիտական որոնումների վրա: Արմատներով կարսեցի, բռնագաղթի տա-ռապանքները երկու անգամ ապրած գերդաստանի ժառանգ Հր. Ավետիսյանը կենտ-րոնացավ հայոց պատմության հիմնահարցերի ուսումնասիրման վրա:
1994թ., երբ Հայաստանի նորանկախ հանրապետությունը գտնվում էր քաղա-քական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, Հր. Ավետիսյանը ռուսերեն լեզվով հրատարակեց «Բրեստ-Լիտովսկ. ինչպես բռնակցվեցին Թուրքիային Կարսը, Արդահանը, Բաթումը» ուշագրավ աշխատությունը: Հեղինակը նորահայտ արխիվային փաստաթղթերի հենքի վրա բնութագրում է ոչ միայն ժամանակի քաղաքական իրադարձությունները, այլև` Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ընթացքն ու արդյունքները: Հիմնավորում է, որ պատերազմում պարտված Օսմանյան կայսրությունը, օգտագործելով նպաստավոր միջազգային պայմանները, շարունակելով ռազմաքաղաքական գործակցությունը Գերմանիայի հետ, կարողանում է Ռուսաստանին թելադրել իր պահանջները: Իսկ ռուսական դիվանագիտությունը, տարված համաշխարհային հեղափոխության պատրանքներով, հեշտությամբ Օսմանյան կայսրությանն է զիջում հայկական տարածքները: Մենագրության մեջ առաջին անգամ հանգամանորեն քննարկվում են Բրեստ-Լիտովսկի պայմանագրով հայ ժողովրդին պարտադրված ծանր կացության խնդիրները:
Սա միանգամայն նոր պատմագիտական մոտեցում էր Բրեստ-Լիտովսկի բանակցություններին և պայմանագրին, քանի որ խորհրդային պատմագրության մեջ կարևորվել էր լոկ այդ իրադարձություններին տրվող քաղաքական գնահատականը, իսկ բանակցություններում քննարկված ազգային-տարածքային մի շարք խնդիրներ, այդ թվում` արևմտահայկականը, շրջանցվել էին:
Այս աշխատության մեջ ձևակերպված հիմնադրույթները Հր. Ավետիսյանը զարգացրել և ամփոփել է «Հայկական հարցը 1918 թվականին» (1997թ.) ծավալուն մենագրության մեջ: Դրանում Հայկական հարցը քննվում է ոչ միայն Բրեստ-Լիտովսկի, այլև` Տրապիզոնի և Բաթումի բանակցությունների համատեքստում, ներկայացվում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի ու Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների գործունեությունը Բեռլինում, Կոստանդնուպոլսում, Վիեննայում և այդ հետնախորքի վրա գնահատվում է Խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի կառավարությունների դիրքորոշումը Հայկական հարցի նկատմամբ: Աշխատության մեջ օգտագործված են Երևանի, Մոսկվայի, Վիեննայի և Բուդապեշտի արխիվների նորահայտ ու առաջին անգամ հեղինակի կողմից շրջանառության մեջ դրված մեծ թվով վավերագրեր:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում Հայկական հարցի վերաբերյալ իր հիմնական դրույթները, անհրաժեշտ շեշտադրումներով, պատմաբանն արտացոլել է «Հայոց ազգային միասնության հաղթանակը. 1918 թվականի մայիս» (1998) աշխատությունում: Այն նվիրված է Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի 1918թ. մայիսյան հերոսամարտերին, հայոց ազգային միասնությանը, որոնք ստիպեցին թուրքական բանակին ու կառավարությանը ճանաչել Հայաստանը, նրա ազգային անկախությունը և Հայաստանի դեմոկրատական Հանրապետությունը: Պատմաբանը հիմնավորում է, որ հայկական անկախ պետականությունը վերականգնվեց ոչ թե օտարի հոգածությամբ, այլ հայոց բանակի և հայ ժողովրդի միասնական կամքով:
Փաստական վիթխարի նյութը Հր. Ավետիսյանին հնարավորություն է ընձեռել հայ ազգային շահերի տեսանկյունից վերլուծել Խորհրդային Ռուսաստանի և Օսմանյան կայսրության փոխհարաբերությունները, բացահայտել դիվանագիտական հնարքների թուրքական զինանոցը, ներկայացնել հաշտության բանակցությունների տարբեր փուլերում խորհրդային և թուրքական պատվիրակությունների կողմից Հայկական հարցի վերաբերյալ հնչեցված հարցադրումները, վերհանել թե՛ գերմանական դիվանագիտական աջակցությունը թուրքական զավթողական նկրտումներին և թե՛ խորհրդային կառավարության` զիջումների պարտվողական քաղաքականությունը, օտարալեզու ուշագրավ արխիվային վավերագրերի հենքի վրա ներկայացնել 1918թ. գարնանը Բեռլինում Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակության գործունեության նպատակները, առանձնահատկությունները և ուղղությունները: Հր. Ավետիսյանի ուսումնասիրություններում բացահայտվում են քաղաքական այն բոլոր իրողությունները, որոնց հետևանքը դարձան հետագա տարիներին Հայկական հարցի լուծման վայրիվերումները:
Նշված հիմնախնդիրները Հր. Ավետիսյանը ներկայացրել է նաև հանրապետական ու արտասահմանյան գիտաժողովներում (Մայնի Ֆրանկֆուրտ, Մադրիդ, Լոս Անջելես, Թուրին, Մոսկվա, Թբիլիսի) կարդացած զեկուցումներում («Կովկասյան տուն և համաթրքության նկրտումների հարցի շուրջը», «Կովկասյան հանրապետությունների կոնֆեդերացիայի գաղափարը 1918 – 1920 թթ.») և գիտական պարբերականներում հայերենով, ռուսերենով, անգլերենով ու հունգարերենով հրատարակած մոտ երկու տասնյակ ծավալուն և հետաքրքիր հոդվածներում:
Զարգացնելով իր հիմնադրույթները` ակադեմիկոսը հիմնավորել է նաև, որ 1918–1920թթ. կովկասյան հանրապետությունների կոնֆեդերացիայի գաղափարը ոչ այլ ինչ էր, քան համաթրքության նկրտումների նոր` դիվանագիտական, դրսևորումը Անդրկովկասում: Հր. Ավետիսյանը վերհանել է այդ գաղափարի և Կոստանդնուպոլսից մինչև Անդրկովկաս միասնական մանդատի ամերիկյան նախագծի հակահայկական էության ընդհանրությունը: Հայկական հարցի ընթացքի համար վտանգավոր համարելով ինչպես 1920–1921թթ., այնպես էլ 1945թ. Պոտսդամի խորհրդաժողովում ռուս-թուրքական ռազմաքաղաքական մերձեցման ազդեցությունը` նա, իրավացիորեն, նույն միտումն է նկատում նաև 1991թ. մարտի 16-ին Մոսկվայում տեղի ունեցած Մ. Գորբաչով–Թ. Օզալ հանդիպման արդյունքներում («Հայկական հարցը 1918 թվականին, էջ 340-358»):
Պատմաբան Հր. Ավետիսյանի հետաքրքրությունների շրջանակը ներառում էր նաև Ռուսական կայսրության բանակում ծառայած հայազգի բարձրաստիճան սպաների կյանքի ու գործունեության, Հայաստանի առաջին հանրապետության բանակի ձևավորման ու կայացման հիմնախնդիրները: Կյանքի վերջին տարիներին ակադեմիկոսն այդ ուղղությամբ գիտական պրպտումներ էր կատարում Հայաստանի ազգային արխիվում, Ռուսաստանի պետական և ՌԴ պաշտպանության նախարարության Կենտրոնական արխիվներում, հանգամանորեն ուսումնասիրում համապատասխան գրականություն ու մամուլի հրապարակումները: Ուսումնասիրության արդյունքը դարձավ «Հայազգի գեներալները Ռուսական կայսրությունում» (”Генералы-армяне в Российской империи”, 2007) աշխատությունը: Հր. Ավետիսյանի կյանքի այդ վերջին ավարտուն մենագրությունը հրատարակվեց ակադեմիկոսի 80-ամյակի առթիվ` որպես հարգանքի տուրք անվանի գիտնականի և քաղաքացու հիշատակին: Այս աշխատության մեջ լուսաբանվում է XVIII դ. վերջից մինչև Առաջին աշխարհամարտի տարիներն ընդգրկող ժամանակահատվածում Ռուսական կայսրության կառավարման համակարգում ծառայած և տարբեր արշավանքների ու ռազմական գործողությունների մասնակցած 140 հայազգի գեներալների կյանքի և գործունեության հակիրճ պատմությունը: Ակադեմիկոսը նշում է, որ 150 տարվա ընթացքում Ռուսական կայսրության բնակչության ընդամենը 0,96 %-ը կազմող հայերը ռուսական բանակին տվել են 155 գեներալ («Հայազգի գեներալները Ռուսական կայսրությունում», էջ 7-8): Միաժամանակ, շեշտելով, որ այդ տվյալը վերջնական չէ, նա նոր ուսումնասիրողին հղում է իր սկսած գործը շարունակելու պատգամը:
Ակադեմիկոս Հր. Ավետիսյանի աշխատությունները հիմնարար ներդրում են հայ պատմագիտության մեջ և ուղենշային նշանակություն ունեն հայոց նոր ու նորագույն պատմության հիմնախնդիրները հետազոտող մասնագետների համար:
2017թ. մարտի 10-ին` Հր. Ավետիսյան ծննդյան օրը, ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ Մարշալ Բաղրամյան 50 բ հասցեում` գիտնականի ապրած տան պատին տեղադրվեց նրա հիշատակը հավերժացնող հուշաքար:
Հիրավի, Հր. Ավետիսյանն ապրել է իմաստավորված կյանք` գործընկերների և ուսանողների մեջ թողնելով ջերմ հիշողություններ իր հետևողականության, բարեխղճության, նպատակասլացության, հոգատարության, նրբանկատության, խորաթա-փանցության ու իմաստության մասին: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Ալեքսանի Ավետիսյանը (1927 – 2004) հայաստանյան և արտասահմանյան գիտական շրջանակներում հայտնի է ոչ միայն որպես ականավոր պատմաբան, այլև` գիտության հմուտ կազմակերպիչ, Մարդ և Քաղաքացի: