Наши заслуженные деятели
Յուրի Ֆյոդորովիչ Օրլով

գիտնականը, այլախոհը և հայկական արագացուցիչը

Հայկական արագացուցչի (армянский ускоритель, АРУС) հիմնադիրներից էր ֆիզիկոս Յուրի Ֆյոդորովիչ Օրլովը՝ հետագայում՝ խորհրդային հայտնի իրավապաշտպան և այլախոհ։

Ինչպես Յուրի Օրլովը հայտնվեց Հայաստանում, և ինչպես հետագայում դասավորվեց նրա ճակատագիրը, NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա որդին՝ մասնագիտությամբ նույնպես ֆիզիկոս Ալեքսանդր Օրլովը, ով եկել էր Երևան՝ մաթեմատիկական ֆիզիկայի RDP դպրոցին և աշխատարանին մասնակցելու:

1953 թվականից Յուրի Օրլովն աշխատել է Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում (ИТЭФ): Ավելի ստույգ, այն ժամանակ ինստիտուտը կոչվում էր ԽՍՀՄ ԳԱ Ջերմատեխնիկական լաբորատորիա, որը «ԽՍՀՄ ատոմային նախագծի» հույժ գաղտնի լաբորատորիաներից էր։ Լաբորատորիայի տնօրենն Աբրահամ Ալիխանովն էր՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր Արտեմ Ալիխանյանի եղբայրը։

Յուրի Օրլովը Պելագեա տատիկի հետ

«Հայրս հասցրել էր մասնակցել Հայրենական մեծ պատերազմի ավարտին, և ռազմաճակատում նրան ընդունել էին կոմկուսի թեկնածու։ Հետո նա գլխի ընկավ, որ դա իզուր էր, բայց այն օրերին կուսակցության թեկնածությունից հրաժարվելն ուղղակի վտանգավոր էր։ Եվ նա ստիպված էր մասնակցել կուսակցական ժողովներին»,- պատմում է Ալեքսանդր Օրլովը։

1956 թվականին լաբորատորիայում տեղի ունեցավ կուսակցության ժողով, որտեղ քննարկվելու էր ԽՄԿԿ 20-րդ համագումարում «Անձի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» Խրուշչովի զեկույցը: Այդ կուսակցական ժողովը Յուրի Օրլովի և մի շարք այլ ֆիզիկոսների ճակատագրում բեկումնային դեր խաղաց։

Հորեղբորորդի Վովկայի և շան Ջեքի հետ

«Շատ փոքր խումբ կար, որի մեջ ֆիզիկոսներից մտնում էին նաև Լև Գոլդինը, Վլադիմիր Սուդակովը և այլք։ Եվ այդ ժողովում 1956 թվականին նրանք լեզուներին ազատություն տվեցին... Բայց բոլորը յուրային էին, բոլորը վստահում էին իրար։ Հետո մի մարդ եկավ՝ պահակներից մեկը ու ցցվեց դռան շեմին։

Սա լսեց, ականջ դրեց ու ծլկեց։ Պարզվեց՝ վազել էր Ատոմային էներգիայի կոմիտե, զանգել ու պատմել, թե լաբորատորիայում ինչ-որ աներևակայելի բան է կատարվում»,- պատմում է Ալեքսանդր Օրլովը։

Իսկ ինչի՞ մասին էր խոսել Յուրի Օրլովը կուսակցության այդ ժողովում։ Նա ասել էր, որ ԽՍՀՄ-ում սոցիալիզմը ոչ թե դեմոկրատական է, այլ բյուրոկրատական, և առաջարկել էր կառուցել «դեմոկրատական սոցիալիզմ»։ Ռոբերտ Ավալովն էլ առաջարկել էր բնակչությանը տալ զենք կրելու իրավունք, որպեսզի ժողովուրդը կարողանա դիմակայել բյուրոկրատիայի և հատուկ ծառայությունների ահաբեկումներին։

Տեխնիկ Շչեդրինն էլ կոչ էր արել՝ կանխելու հենց իր՝ Խրուշչովի անձի պաշտամունքը։ Փորձարար ֆիզիկոս Վադիմ Նեստերովն էլ էր ինչ-որ բաներ ասել: Ընդհանուր առմամբ ելույթ էր ունեցել հինգ հոգի։

«Հետո ժամանում են «Ատոմային նախագծի» մարդիկ՝ ԿԳԲ-ի աշխատակիցները, ու կուսակցության ժողովի մասնակիցներին ստիպում, որ սրանք քվեարկեն այդ հինգին կուսակցությունից հեռացնելու օգտին»,- պատմում է Ալեքսանդր Օրլովը։

Բայց «խռովարարներին» դատապարտող բանաձև այդպես էլ չի հաջողվել ընդունել. ձայների քանակն անբավարար է եղել։ «Ոչ ոք չի քվեարկել: Դրանից հետո հարց է բարձրացվում առհասարակ ամբողջ կուսկազմակերպության վեաբերյալ։ Այսինքն՝ հայտարարել են, որ այն ընդհանրապես լուծարվում է։ Այդ ժամանակ շատերը վախեցել են։ Սուդակովն, օրինակ, դատապարտել է: Իսկ Ալիխանովն ընդհանրապես վախենում էր, որ ինստիտուտը կփակվի, քանի որ «Պրավդա» թերթը հոդված էր գրել, որ լաբորատորիայում «տրոցկիստական որջ» է բույն դրել։

Ալիխանովը, որն ուղիղ հեռախոսակապ ուներ Կրեմլի հետ, զանգահարել է Խրուշչովին և հարցրել՝ իր լաբորատորիան փակելու մտադրություն կա՞: Խրուշչովն ասել է՝ լաբորատորիան չի փակվի, բայց հանդիպման մասնակիցներին պետք է ազատել աշխատանքից»,- պատմում է Ալեքսանդր Օրլովը, նշելով, որ դեպքի մասին մի առիթով իրեն պատմել է հայրը։ Ալիխանովն ուզում էր պահել Յուրի Օրլովին, քանի որ նա ինստիտուտի առանցքային դեմք էր, բայց Խրուշչովը չի համաձայնել։

Ի դեպ, 1962 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած սարսափելի վթարի ժամանակ հենց Վլադիմիր Սուդակովն է եղել ղեկին: Այդ վթարը ֆիզիկոս Լև Լանդաուի վերջի սկիզբն էր։ Բայց դա արդեն ուրիշ պատմություն է...

Յուրի Օրլովը միառժամանակ գործազուրկ էր։ «Ֆիզիկոսները ծածուկ գումար էին հավաքում ու օգնում մեզ։ Նախաձեռնողը Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Բորիս Չիրիկովն էր, որը հետագայում աշխատել է Նովոսիբիրսկում։ Տարբեր մարդիկ փող էին հանգանակում, իսկ նա փոխանցում էր մեզ։ Հայրս արդեն պաշտպանել էր թեկնածուականը։ Նա ИТЭФ-ում արագացուցիչի ստեղծողներից մեկն էր, բայց նրա անունը ջնջել էին։ Այդուհանդերձ Արտեմ Ալիխանյանը՝ Ալիխանովի եղբայրը, հայրիկիս իր հետ տանում է Հայաստան՝ աշխատելու»,- պատմում է գիտնականի որդին։ Իհարկե, Ալիխանյանը նրան հենց այնպես չէր տարել Հայաստան. ИТЭФ-ում Յուրի Օրլովն աշխատել էր արագացուցիչ ստեղծելու վրա, Հայաստանում էլ մտադիր էին կառուցել նոր արագացուցիչ՝ АРУС-ը։

«Նրան, անշուշտ, հետաքրքրել է դա, ու շարունակել է աշխատել արագացուցիչների ուղղությամբ, բայց բանն այն է, որ այն ժամանակ արագացուցիչն իր համար փոքր-ինչ «պատահական» թեմատիկա էր։ Պարզապես Վլադիմիր Բերեստեցկին էր նրան խնդրել հաշվարկել ինչ-որ բան՝ ճառագայթային փնջի կայունությունը, որպեսզի ճառագայթները չցրվեն։ Եվ հայրս արել էր այդ հաշվարկը, ու՝ շատ լավ, և ИТЭФ-ում արագացուցիչը կառուցել էին հենց այդ հաշվարկներով, և նրան Հայաստան տարան, որ այնտեղ էլ արագացուցիչը հաշվարկի։ Բայց հիշում եմ, որ հայրս դառնացած ասում էր, թե շինարարները շատ են ձգձգել արագացուցիչի կառուցումը... Եթե չեմ սխալվում՝ 4 տարի։ Իսկ երբ АРУС-ը կառուցվել է, այն արդեն, այսպես ասած, փոքր-ինչ հնացել էր»,- պատմում է Ալեքսանդր Օրլովը։

«Նովայա գազետա»-ի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի հոդվածում դրա մասին ասվում է հետևյալը. «1971 թվականին Օրլովի և Ալիխանյանի համագործակցության արդյունքը մի շարք սկզբունքորեն նոր գաղափարներ պարունակող արագացուցիչի նախագիծ էր։ Եվ այդ նախագիծը սառեցվում է, քանի որ պահանջել էին, որ Օրլովի անունը հանվի արագացուցիչի հեղինակների ցանկից։ Բայց Ալիխանյանը մերժել էր։ Փորձագետների կարծիքով, եթե Ալիխանյանը չմերժեր, բարձր տեխնոլոգիաների ֆիզիկան ԽՍՀՄ-ում այլ մակարդակի կհասներ։ Մոսկվացի ակադեմիկոսը (Աբրամ Ալիխանովը-խմբ.) 1960 թվականին Խրուշչովին խնդրել է իրեն վերադարձնել շնորհազրկված գիտնականին, սակայն մերժում է ստացել»։

Ինքը՝ Յուրի Օրլովը, 1991 թվականին հրատարակված իր «Վտանգավոր մտքեր» գրքում գրել է. «Իմ դիրքն ինստիտուտում արագ բարելավվում էր։ 1961-ից ես ղեկավարում էի լաբորատորիան, գիտական հրապարակումների թիվն անցել էր 50-ը։ Սակայն ես հոգնել էի արագացուցիչային ֆիզիկայից և ընտանիքիցս հեռու ապրելուց։ Երբ Ալիխանյանին ասացի, որ կցանկանայի վերադառնալ Մոսկվա, ծեր Մեդիչին բարկացած սպառնաց, որ ինձ համար բոլոր հնարավոր ուղիները կփակի։ Հանուն արդարության նշենք, որ նրա ինստիտուտը դեռևս տեսաբանի օգնության խիստ կարիք ուներ, արագացուցիչն էլ, որը ես հաշվարկում էի, դեռ կառուցված չէր։ Բայց ես թակարդում էի։ Հինգ տարի է անցել այն օրից, ինչ մեկնել եմ Երևան, հինգ տարի՝ առանց ընտանեկան կյանքի... Վեցերորդ տարում ես ընտանիքս բոլորովին քայքայեցի»։

Օրլովը գրում է, որ դրանից մեկ տարի առաջ մեկնել էր Մոսկվա՝ ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու, և Աբրահամ Ալիխանովը հրահանգել էր նրան աշխատանքի ընդունել ИТЭФ-ում։ Բայց նրան զրույցի է հրավիրում «Ռազմաարդյունաբերական կոմիտեի ոմն աշխատակից», որն ակնարկում է, թե ИТЭФ-ը նրա համար կարգելափակվի։ Չցանկանալով Ալիխանովին հարվածի տակ դնել՝ Յուրի Օրլովը վերադառնում է Հայաստան։

Այնուհետև, արդեն արագացուցիչի գործարկումից հետո. «Դանդաղ շինարարության տասը տարիների ընթացքում Երևանի սինխրոտրոնը անհուսալիորեն հնացել էր։ Արագացուցիչն ախր կոնֆետի գործարան չէ։ Ինչ որ է, այն պետք էր գործարկել։ Ինչպես սպասում էր ղեկավարությունը, այն պիտի գործարկվեր 1967 թվականի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հիսունամյակին։ Այս կլոր հոբելյանի առթիվ ակնկալում էին շքանշաններ, մեդալներ, առաջխաղացումներ և խոշոր պարգևավճարներ, ուստի մեծ ձեռքբերումներ ներկայացնելն անչափ օգտակար էր։

Իմ հակակուսակցական ոգու շնորհիվ ինձ համար մրցանակներ չէին ակնկալվում (թեև ինստիտուտի գիտխորհուրդն ինձ առաջադրել էր Լենինի շքանշանի), բայց գործարկման խնդիրն ինձ խիստ անհանգստացրել էր։ Հենց որ մեքենան հավաքվեց, մենք այն արագ գործարկեցինք: Ես գոհ էի, երջանիկ, որ վերջապես ազատվեցի Ալիխանյանի հանդեպ իմ բարոյական պարտավորություններից»։

Որդու խոսքով՝ Յուրի Օրլովը շատ էր հավանել Հայաստանը։ Նա նույնիսկ մի անգամ վիճել էր Վալերի Խոզեի հետ (1968-1972 թվականներին աշխատել է Երևանի Ֆիզիկայի ինստիտում), որը հաճախ ասում էր, որ հայերն ամեն ինչ անում են միայն իրենց համար, և որ ինքն այստեղ «օտար» է։

1968 թվականին Օրլովն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։ Այդ ժամանակները լավ հիշողները հասկանում են, թե ինչ համարձակ քայլի էին դիմել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանն ու Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արտեմ Ալիխանյանը՝ կուսակցությունից հեռացված շնորհազրկված Յուրի Օրլովի թեկնածությունն առաջադրելով։ Հետագայում էլ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Յուրի Օրլովը, որն արդեն բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում, ընտրվեց Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ։

1972 թվականին Օրլովն, այնուամենայնիվ, վերադառնում է Մոսկվա՝ ИЗМИРАН-ը՝ Երկրային մագնիսականության, իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման ինստիտուտը կառուցելու։

«Տասնվեց տարի Հայաստան յուրատեսակ աքսորից հետո ես տխուր էի, որ լքում եմ այն։ Ես սիրահարվել էի այրված խոտով պատված սարերին, գունավոր քարաքոսով ներկված քարերին, երկար պատշգամբներին, որոնցում վազվզում էին երեխաները, հին բակերին ու փողոցներին, բարեսիրտ, խաղաղ, ժրաջան մարդկանց»,- գրել է Յուրի Օրլովը։

«Ատոմային էներգիայի կոմիտեի կողմից համակարգվող բոլոր ինստիտուտների մուտքը Օրլովի առաջ մեկընդմիշտ փակվել էր։ Անգամ հսկիչ-անցագրային կետով նրան ներս չէին թողնում»,- պատմում է Ալեքսանդրը` հավելելով, որ հայրն ավելի շուտ էր փորձել վերադառնալ, սակայն Ալիխանյանը նրան բաց չէր թողնում:- Նա շատ հետաքրքիր, արտասովոր մարդ էր։ Բայց հայրս խիստ բարկացել էր նրա վրա, քանի որ Ալիխանյանն ամեն տեսակի խարդավանքներ էր հյուսում, որ նա Մոսկվա չվերադառնա»։

 

Յուրի Օրլովը Եվրոպական խորհրդում Ստրասբուրգում, Ֆրանսիա, մայիսի 10, 1989թ.

Յուրի Օրլովն իր նոր տեղում դիմանում է ընդամենը մեկ տարի։ Նա նամակ է գրում Լեոնիդ Բրեժնևին՝ ի պաշտպանություն Անդրեյ Սախարովի, որի նկատմամբ հալածանքներ էին սկսվել։ «Նամակի մեջ նա տարբեր կետեր է թվարկել՝ սկսած նրանից, որ գիտնականներին թույլ չեն տալիս մեկնել արտերկիր, և դա վատ է անդրադառնում գիտության զարգացման վրա և վերջացրած նրանով, որ մարդիկ իրենց համոզմունքների համար հոգեբուժարաններում են պահվում։ Նամակում նաև տնտեսական գաղափարներ կային: Դրանից հետո նրան ազատեցին աշխատանքից»,- պատմում է Ալեքսանդրը։

«Իմ «Տասներեք հարց Բրեժնևին» նամակը՝ ոչ այնքան ի պաշտպանություն, որքան ի պատիվ Սախարովին էր: Քանի որ մեր տեսակետները չէին համընկնում, նրան պաշտպանելու և բարոյական աջակցություն ցուցաբերելու լավագույն միջոցը ռեժիմին ուղղված իմ անձնական քննադատությունն էր։ Նամակիս հիմքում ընկած էր այն միտքը, որ մոլեռանդորեն հավատարիմ մնալը գաղափարախոսությանը, որը  ժխտում է մարդու բնածին պահանջմունքներ համարվող՝ ընտրության և ինքնաարտահայտվելու ազատությունը, հանգեցնում է պետության և քաղաքացու հարաբերությունների ֆեոդալականացմանն ու գիտական, տնտեսական և մշակութային կյանքի աստիճանական անկման: Իմ պահանջներից էին` գրաքննության վերացում, գաղափարների ազատ փոխանակում, հրապարակայնություն»,- գրել է Յուրի Օրլովն իր գրքում:

Որդին նշում է, որ Վիկտոր Համբարձումյանը կրկին փորձել է օգնել Օրլովին, սակայն շնորհազրկված գիտնականի առաջ բոլոր դռները փակվել էին... Եվ նա սկսել է զբաղվել իրավապաշտպանական  գործունեությամբ: Բայց նա այս ամենը, ինչպես նշում է Ալեքսանդրը, արել է հայրենասիրական դիրքերից, «նա չէր ձգտում երկիրը ոչնչացնել»։
Ի դեպ, 1972 թվականին Յուրի Օրլովը Տամարա Խոդորովիչի հետ եկել էր Երեւան՝ Պարույր Հայրիկյանի դատավարությանը։

1976-ին Յուրի Օրլովը Անդրեյ Ամալրիկի, Վալենտին Տուրչինովի և Նատան (Անատոլի) Շարանսկու հետ ստեղծում է ԽՍՀՄ-ում առաջին՝ Մոսկվայի Հելսինկյան խումբը, և նրան զգուշացնում են, որ դրա համար նրան կբանտարկեն։

«Նրանք սկսում են հրապարակել Հելսինկյան խմբի փաստաթղթերը, որոնք ուղարկում են նաև խորհրդային կառավարությանը, որպեսզի մեղադրանքներ չլինեն, թե իրենք աշխատում են Արևմուտքի օգտին։ Նրանք մատնանշում են Հելսինկյան համաձայնագրերի խախտումները, որոնք ստորագրել էր նաև ԽՍՀՄ-ը։ Ահա նման գործունեություն էր ծավալել, բայց այն ավարտվեց կալանքով»,- պատմում է իրավապաշտպանի որդին։

1976 թվականի մայիսին, երբ ստեղծվում է առաջին խմբի կազմը, Օրլովը կանչվում է Պետական անվտանգության կոմիտե։ Մայիսի 15-ին նրան կալանավորում են և նախազգուշացնում «հակասովետական գործունեությամբ զբաղվելու անթույլատրելիության մասին»։ 1977 թվականի փետրվարի 3-ին ձերբակալվում է Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամներից մեկը՝ Ալեքսանդր Գինզբուրգը, իսկ փետրվարի 10-ին՝ Յուրի Օրլովը։ ՊԱԿ-ը լուրեր էր տարածել, որ և՛ Գինզբուրգին, և՛ Օրլովին դատելու են արտարժույթային գործառույթների կանոնների խախտման համար։

Յուրի Օրլովը 16 ամիս հետաքննվում էր Լեֆորտովոյի բանտում, այնուհետև նրան ուղարկում են Պերմի շրջանի Չուսովոյի քաղաքի մոտ գտնվող խիստ ռեժիմի ճամբար։

Այնտեղ երեք քաղաքական ճամբար կար. այսպես կոչված՝ «Պերմի եռանկյունին»։ Օրլովին նստեցրել էին Պերմ-35-ում և Պերմ-37-ում: Նրան «7+5» տարի էին տվել։ 1984 թվականի փետրվարին, երբ ավարտվում է «ազատազրկման օրինական ժամկետը», Օրլովին աքսորում են Սիբիր։

Նրա ձերբակալությունից հետո մի շարք արեւմտյան գիտնականներ, ի նշան բողոքի, խզում են կապերը խորհրդային իրենց գործընկերների հետ։ 1979 թվականին Մարդու իրավունքների միջազգային լիգան Յուրի Օրլովին մրցանակ է շնորհում։ 

«Հետո, երբ սկսվում է վերակառուցումը, 1986-ին, նրան փոխանակում են ինչ-որ լրտեսի հետ։ Օրլովին բերում են Մոսկվա, նա մտածում է՝ իր նկատմամբ նոր դատավարություն է սկսվում, կարծես թե այդպես էլ ասել էին իրեն։ Բայց հետո անսպասելիորեն մեզ հետ հանդիպում կազմակերպեցին, ապա երկրից վտարեցին ու քաղաքացիությունից զրկեցին»,- պատմում է Ալեքսանդրը։

Ահա թե ինչպես են նկարագրվում այդ իրադարձությունները «Նովայա գազետա» թերթի հոդվածում. «1986 թվականին Նյու Յորքում լրտեսության համար ձերբակալվել է ՄԱԿ-ի խորհրդային առաքելության աշխատակից Գենադի Զախարովը։ Ի պատասխան՝ Մոսկվայում ձերբակալվել է ամերիկացի լրագրող Նիկոլաս Դանիլոֆը՝ Զախարովի հետ փոխանակելու նպատակով։

Այնուհետև ԱՄՆ Կոնգրեսը որոշում է, որ եթե խորհրդային կառավարությունը ցանկանում է մարդկանց առևտրով զբաղվել, ուրեմն թող «հատուկ սակագնով» վճարի, և բացի Դանիլոֆից, պահանջում է ազատ արձակել նաև Օրլովին, ինչպես նաև երկար ժամանակ մերժում ստացած Դեյվիդ Գոլդֆարբին (մանրէաբան, գենետիկ, որը 1979-ին հիվանդության պատճառով դիմել էր ԽՍՀՄ կառավարությանը՝ Իսրայել մեկնելու հարցով)»։

Խորհրդային միությունից վտարվելուց հետո Յուրի Օրլովը սկզբում բնակվում է Նյու Յորքում, այն նույն տանը, որտեղ նախկինում ապրում էր նրա սիրելի բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին։

Յուրի Օրլովը Նյու Յորք ժամանելուն պես, հոկտեմբերի 5, 1986թ.

«Հետո մի ուրիշ պատմություն էլ եղավ. տարբեր ամերիկացի քաղաքական գործիչներ նրան առաջարկում են շարունակել իր իրավապաշտպան գործունեությունը և զբաղվել ԽՍՀՄ-ից հրեաների արտագաղթի հարցով: Իսկ հայրս պատասխանում է, որ ինքը պաշտպանելու է բոլորի իրավունքները, ոչ միայն հրեաների։ Ի վերջո, այնպես եղավ, որ երբ հայրս դա այնքան հաստատակամ հայտարարեց՝ բոլորի հետաքրքրությունը մարեց... Դրանից առաջ նրան առաջարկել էին՝ մատդ որ համալսարանի վրա դնես, այնտեղ էլ քեզ կուղարկենք աշխատելու։ Եվ երբ նա այդ հայտարարությունն արեց, նրան ասացին՝ դե որ էդպես է՝ ուրեմն գլխիդ ճարն ինքդ էլ տես...»,- պատմում է որդին։

Ռոնալդ Ռեյգանը և Օրլովը Օվալաձև աշխատասենյակում

Յուրի Օրլովը հաստատվում է Իթաքայում՝ Կոռնելի համալսարանում, որտեղ աշխատում է մինչև կյանքի վերջ՝ ոչ միայն ֆիզիկա դասավանդելով, այլև մարդու իրավունքների դասընթաց վարելով։

Ըստ Ալեքսանդրի՝ հայրն իրեն պատմել է ևս մի դրվագի մասին, երբ Կոռնելի համալսարանում ինչ-որ մեկը՝ «իսկը ԿԳԲ-ի մեր գործակալի պես», մոտեցել է Օրլովին, նրան խնդրել ինչ-որ զեկույց գրել և, ստանալով մերժում, ասել է, թե Օրլովը ծոծրակը կտեսնի, բայց այլևս չի տեսնի Լիվերմորի ազգային լաբորատորիան ու Լոս Ալամոսը, որտեղ հայրն  այդքան երազում էր աշխատել: 

1988-1989 թվականներին Յուրի Օրլովն աշխատել է CERN-ում՝ որպես հրավիրված գիտնական։ Նա եղել է EDM (Hadronic Electric Dipole Moments) 1998-2015 թվականներին համագործակցել է Բրուքհավենի ազգային լաբորատորիայի հետ, 2015-2020 թվականներին եղել է JEDI (Jülich Electric Dipole moment Investigations), Յուլիխի հետազոտական կենտրոնի համագործակցության անդամ:

1989 թվականից Յուրի Օրլովին հնարավորություն է տրվում՝ այցելելու Խորհրդային Միություն։
1990 թվականին Միխայիլ Գորբաչովը վերականգնում է Օրլովի ու ևս 23 հայտնի վտարանդիների խորհրդային

քաղաքացիությունը։ 1991 թվականի հուլիսի 18-ին Յուրի Օրլովը և Ելենա Բոները բաց նամակ են գրում, որում նշում են, որ խորհրդային բանակն ու հատուկ ջոկատայինները պարբերաբար հազարավոր հայերի Ադրբեջանից արտաքսում են Հայաստան։

2006 թվականին Յուրի Օրլովը դառնում է Ամերիկյան ֆիզիկական ընկերության՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում վաստակավոր գիտնականների համար հիմնադրված՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակի առաջին դափնեկիրը։

Յուրի Ֆյոդորովիչ Օրլովը մահացել է ԱՄՆ-ում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 97 տարեկան հասակում։
«Ես նույնիսկ որդուս ասում եմ՝ նրա համա՛ր չեմ նստել, որ իմ հայացքները ձեռք բերես։ Ես նստել եմ հանուն նրա, որ դու կարողանաս սեփական հայացքներդ ձեռք բերել»,- գրել է Յուրի Օրլովը։


Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան

Նկարները՝ համացանցից